Քննարկվել են Երևանում կայանալիք բռնցքամարտի Ե...

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ  տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  այս տարի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները:   

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի  ներկայացուցիչները ներկայացրել են այդ ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքները:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:  Ակնկալվում է 35 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի մոտավորապես 280 բռնցքամարտիկ: Զեկուցվել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն առաջնությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:

Քննարկվել են նաև մրցաշարի բացման արարողության, մարզիկների տեղակայման, անվտանգության, առաջնության լուսաբանման հետ կապված հարցեր:

Մասնավորապես, Կարապի լճի հարակից տարածքում կստեղծվի ֆան-գոտի, տեղադրվելու է մեծ էկրան:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ պետք է   արդյունավետ աշխատել բոլոր նախանշված ուղղություններով՝  առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար: