
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։
Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։
Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման նպատակահարմարությունը, շեշտադրվել են դրա հնարավոր դրական ազդեցությունները հարկային կարգապահության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։
Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին մշակել առաջարկվող մեխանիզմի ներդրման տեխնիկական առաջադրանքը՝ հետագա քայլերը հստակեցնելու և համակարգված գործարկումն ապահովելու նպատակով։