Քննարկվել է Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությ...

Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորությամբ:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։

Վահան Կոստանյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև համագործակցության ակտիվ դինամիկան, որն արտահայտվում է նաև տարբեր մակարդակներով փոխադարձ այցերի միջոցով: Վերահաստատվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված՝ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։ 

Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների և կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքի շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում նաև TRIPP ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին: