
«Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» (Օվիեդոյի կոնվենցիա) կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, կոնվենցիայի նպատակը և կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորումը: Սա առողջապահության ոլորտում միակ կոնվենցիան է, որն անդրադառնում է մարդու իրավունքներին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Քննարկվել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու հարցը:
Փոխնախարարի խոսքով՝ կոնվենցիայի պայմանագրային բնույթը պարտավորեցնում է այն վավերացրած պետություններին ընդունել օրենսդրություն կամ համապատասխանեցնել գործող ներպետական օրենսդրությունը կոնվենցիայի հիմնարար սկզբունքներին:
Օվիեդոյի կոնվենցիայի կարգավորումները շրջանակային բնույթի են և սահմանում են կենսաբժշկության ոլորտում մարդու արժանապատվության ու իրավունքների, ազատությունների պաշտպանության հիմնարար ուղենշային սկզբունքները, որոնց վրա խարսխվելով՝ շարունակաբար միջազգային իրավակարգավորման են ենթարկվում կենսաբժշկության ոլորտում մարդու արժանապատվությանը, իրավունքներին, ազատություններին առնչվող առավել զգայուն խոցելիություն ունեցող հարաբերությունները:
«Կարևոր է արձանագրել, որ կոնվենցիան սահմանում է կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման ոլորտում իրավունքների պաշտպանությունը երաշխավորող նվազագույն պահանջները, որոնք պետք է ապահովվեն կոնվենցիայի անդամ պետությունների կողմից»,- նշել է փոխնախարարը: Կոնվենցիայով սահմանվում են այնպիսի հարցերի կարգավորումներ, ինչպիսիք են՝ բուժառուի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական շահի արգելքն օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման ընթացքում և բուժառուների իրավունքներին վերաբերող մի շարք այլ դրույթներ:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել կոնվենցիայի ընդունումից հետո նախատեսվող օրենսդրական փոփոխությունների շրջանակին:
Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը կարևորել է կոնվենցիայի ընդունումը, նշել, որ մեր օրենսդրությանը հակասող դրույթներ հիմնականում չկան: Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ կոնվենցիան առանձին դրույթներով քննարկվել է, տարբեր ձևաչափերով աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել:
Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: