ՔԿ-ն 125 հազար դոլարանոց ծառայողական մեքենա է...

Կառավարությունը շարունակում է թանկարժեք մեքենաներ գնել պաշտոնյաների համար։ Քննչական կոմիտեն 125 հազար դոլարով ծառայողական մեքենա է գնել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար՝ այս տարվա արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց։

Ինչո՞ւ հանկարծ որոշվեց Արգիշտի Քյարամյանի համար գնել վերջին՝ 2024 թվականի արտադրության, 49 միլիոն դրամանոց ծառայողական մեքենա, երբ Հայաստանում անվտանգային, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան։ Քննչական կոմիտեից պարզաբանում են՝ նրա մեքենան հին էր։

«Այդ մեքենան շահագործվում է շատ-շատ վաղուցվանից, և իր մաշվածութան ժամկետներն անցել են, ու պայմանավորված նաև Քննչական կոմիտեի նախագահի աշխատանքի առանձնահատկություններով, բարդություններով, նաև անվտանգության նկատառումներով՝ առաջացել է նոր սպասարկող մեքենա ձեռք բերելու կարիք», - ասաց ՔԿ-ի լրատվական ծառայության ղեկավար Գոռ Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ՝ հին մեքենան (Hyundai Genesis 3.3 մակնիշի) Քննչական կոմիտեի ստեղծվելուց ի վեր՝ տասը տարի, ծառայել է հին ու նոր ղեկավարներին։ Իսկ ինչո՞ւ 125 հազար դոլարանոց, ինչ կպատահեր, եթե Արգիշտի Քյարամյանը երթևեկեր ավելի մատչելի մեքենայով, Գոռ Աբրահամյանը նորից շեշտեց անվտանգության նկատառումը, բայց այդպես էլ չպարզաբանեց՝ ինչ նկատի ունեն։

Մանրամասները azatutyun.am-ում