Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ:
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հակակոռուպցիոն կրթության զարգացման, կոռուպցիայի հակազդման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև այդ համատեքստում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, տեխնիկական համալրման, կադրերի ընտրության հարցերին և Կոմիտեի ծառայողների վերապատրաստման գործընթացում միջազգային հակակոռուպցիոն մարմինների լավագույն փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հնարավորություններին:
Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել զարգացնելու և ավելի հստակեցնելու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության շրջանակները:



