Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․
Երևանի 2,5 մասից բաղկացած կուսակցությունների իշխող կոալիցիան ամիսներ առաջ որոշեց մինչև 3 անգամ թանկացնել քաղաքային տրանսպորտի գինը: Համաձայն որոշման՝ այն պետք է թանկանար սեպտեմբերի 1-ից, սակայն բերել էին նախագիծ, որով ուզում էին տրանսպորտի գինը բարձրացնել նոյեմբերի 1-ից: Երեկ պարզվեց, որ նոյեմբերի 1-ն ուզում են դարձնել 2025-ի հունվարի 1:
Ակնհայտ է, որ գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ: Վախեցել են: Միգուցե ցանկանում են Ալիևի պահանջով իրականացվելից սահմանադրական հանրաքվեից առաջ չունենալ սոցիալական բունտ: Բացի այդ՝ քաղաքային ավագանիում ներկայացված ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ գնի բարձրացման դեմ դուրս է գալու փողոց: Դա էլ է զգուշավոր դարձրել ՔՊԿ-ին: Կարող են լինել նաև տեխնիկական ու կազմակերպչական պատճառներ, սակայն դրանք գլխավոր գործոններ չեն:
Իշխանությունը թանկացումների որևէ ողջամիտ հիմնավորում չի ներկայացրել: Իրենք էլ են ընդունում, որ կա հսկայական ստվեր, սակայն ստվերի դեմ պայքարի իրենց անկարողությունը կամ ցանկության բացակայությունը որոշել են փոխհատուցել՝ քաղաքացու գրպանը մտնելով:
Ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի գնի վերաբերյալ ներկայացրել է այլընտրանքային նախագիծ, որի համաձայն տրանսպորտի գինը չի թանկանալու, իսկ եթե քաղաքացին որոշի կանխավճարով գնել 1 շաբաթվա, 1 ամսվա, 6 ամսվա կամ 1 տարվա փաթեթ, ապա մեր նախագծով տրանսպորտի գինը կարող է 100 դրամից էլ պակաս լինել: Հաշվի առնելով Թբիլիսիի փորձը և տեղական առանձնահատկությունները՝ մենք հիմնավորել ենք, որ դա հնարավոր է:
Մեր նախագիծը տարբեր արհեստական պատճառաբանություններով չեն մտցնում Ավագանու նիստերի օրակարգ, սակայն միևնույն է ի վերջո ստիպված են լինելու այն քննարկել: Այդ ժամանակ մենք կոչ կանենք քաղաքացիներին գալ և աջակցել մեր նախագծի ընդունմանը:
Թե ինչ ճակատագրի կարժանանա տրանսպորային այս ոդիսականը, շատ շուտով պարզ կդառնա: Մեկ բան հստակ է՝ «Մայր Հայաստանը» քաղաքացիների օգնությամբ պայքարելու է թանկացման դեմ՝ լինի այն փողոցային, կամ այլ տարբերակներով: