Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հե...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել է կառուցապատման ոլորտում կանոնակարգման ենթակա հարցերի լայն շրջանակ, միաժամանակ հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ օՕրակարգային հարցերից է եղել կառուցապատման ընթացքում մատակարար կազմակերպությունների հետ առաջացող խնդիրների կարգավորումը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է ջրի, գազի, էլեկտրականության հասանելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովումը՝ ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ GIS համակարգեր ձևավորելու և տրված տեխնիկական պայմանների վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացնելու առաջարկը։

Անդրադարձ է եղել վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումներին։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ընդգծել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունն աջակցելու կոմիտեին միջազգային փորձի ուսումնասիրման և տեղայնացման, ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների և դրանց լուծման տարբերակների ամբողջացման հարցում։

Առաջարկվել է մշակել «Կառուցապատման մասին» օրենք՝ ոլորտի ամբողջական կանոնակարգման իրավական հիմք ստեղծելու նպատակով։ Կարևորվել է նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով արդյունավետ մեխանիզմների ներդրումը։

Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, «Ռենովացիայի», ինչպես նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակման ընթացքին։

Կառուցապատողների հետ աշխատանքային քննարկումները շարունակվելու են՝ ոլորտի բարեփոխման արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով։