Քաղաքականությունն այսպիսի բան է, վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է ու էլ երբեք չի աճում, բայց չի լինում, որ աճում է ու երբեք չի նվազում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Gallup-ի վերջին հարցումների տվյալներին, որով ՔՊ-ի օգտին կքվեարկեր քաղաքացիների ընդամենը 11%-ը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքական գործունեությունը մարդկանց հետ երկխոսելու միջոց է, իսկ երկխոսությունը ունի 2 կողմ՝ մենք լսում ենք և արձագանքում: Դուք հարցը ամփոփեցիք մեկ նախադասության մեջ՝ չե՞ք կարծում, որ խնդիրը մեր մեջ է, այս խնդիրը նաև մեր մեջ է: Եթե դուք հիմա ինձ թույլ տաք ու վիրավորական չհամարեք, ապա Ձեր մեջ էլ է խնդիրը: Մեր տարբերությունը մենակ մի բանում է, որ ես իմ կարգավիճակի ու անցած ճանապարհի բերումով ստիպված եմ դրա հետ առերեսվել, դուք ստիպված չեք, չունեք դրա կարիքը: Եթե դրա հետ չառերեսվեք, ոչ մի բան տեղի չի ունենա: Բայց եթե ես չառերեսվեմ, տեղի կունենան բաներ և՛ Ձեզ հետ, և՛ երկրի հետ, ինձ էլ դեռ ջհանդամ»,- ասաց Փաշինյանը: