ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում:
«Անսովոր է լռություն «լսել» այն դեպքում, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը պետք է խոսի, այդպես չէ՞: Այժմ դուք ունեք նույն զգացողությունը, ինչ մենք՝ հայերս, երբ սպասում ենք միջազգային հանրության արձագանքի՝ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ Առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով և ուժով՝ լռություն: Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են՝ լռություն: Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում՝ լռություն:
Մենք նախաձեռնում ենք իմպիչմենտի գործընթաց, և ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն ձերբակալվում է՝ լռություն: Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին և մի ամբողջ լրատվական գործակալություններին՝ լռություն: Ձերբակալվում են բլոգերներ, նրանցից մեկը հացադուլ է հայտարարում, և վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով՝ լռություն:
Պատգամավորներին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կամ ձերբակալում են, կամ արգելում բացակայել երկրից՝ լռություն: Այս սարսափելի փաստերի շարքը կարող եմ անվերջ շարունակել, քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի: Իմ ավելի քան 50 հայրենակից Հայաստանում զրկված են ազատությունից իրենց քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալներով՝ իմ 19 հայրենակիցներ Բաքվում բանտարկության մեջ են միայն այն պատճառով, որ հայ են:
Ես ինքս ինձ համար որոշում կայացրել եմ՝ չեմ լռելու: Այժմ, տիկնայք և պարոնայք, ընտրություն կատարելու ձեր հերթն է»,- նշել է Մամիջանյանը:



