Քաղաքական տանիքը Հայաստանի զարգացման հիմնական...

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ակտուալ է դարձել քննարկումները Հայաստանի ապագայի և մեր ունեցած հնարավորությունների պայմաններում աշխարհում մեր տեղի ու դերի շուրջ։

Մի բան ակնհայտ է, որ եթե մի կողմ դնենք կեղծ հայրենասիրական կենացային պնդումները և նայենք իրականությանը, ապա կտեսնենք, որ Հայաստանն իր ունեցած հնարավորություններով չի կարող դիմագրավել այն մարատահրավերներին, որոնք առկա են և լուրջ վտանգներ են առաջացնում մեր պետության համար։

Փորձենք հասկանալ Հայաստանի հնարավորությունները և մարտահրավերները՝ տնտեսական և անվտանգային տեսանկյունից։ 

Տնտեսական առումով  պետք է նկատել, որ Հայաստանն իր շատ խնդիրներ կարողանում է լուծել ի հաշիվ ԵԱՏՄ-ի և առավելապես ի հաշիվ Ռուսաստանի Դաշնության հնարավորությունների։ Հայաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների մեծ մասի սպառողը հենց ռուսական շուկան է և այս ընթացքում ռուսական կողմի հետ հաստատված բարեկամական դաշնակցային հարաբերությունները հնարավորություն են տալիս առավել ակտիվացնել տնտեսական կյանքը։ ԵԱՏՄ շրջանակներում եղած հնարավորությունները ավելին թույլ են տալիս միանշանակ պնդել, որ ցանկության դեպքում Հայաստանը կարող է տնտեսական լուրջ առաջընթաց արձանագրել։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ պետությունները տարեկան միջինում ունեն 135 միլիարդ դոլարի պետական գնումների կարիք և այդ գնումների համար անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ կարող են արդեն առաջարկել նաև հայկական ընկերությունները։ Սա աննախադեպ հնարավորություն է Հայաստանի տնտեսվարողների համար, որից միանշանակ պետք է օգտվել։ Ըստ էության Հայաստանը տնտեսական առումով մի տանիքի տակ է, որը մեզ համար դրական ազդեցություն է ունենում։

Անվտանգային տեսանկյունից Հայաստանը խնդիրներ ուներ նաև մինչև 44-օրյա պատերազմը, իսկ դրանից հետո այդ խնդիրները հատկապես սրվել են։ Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մարտահրավերները չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք նաև քաղաքական-անվտանգային տանիք, ինչպես տնտեսականի դեպքում։ Եվրոպական երկրներն, օրինակ, իրենց անվտանգային քաղաքական խնդիրների լուծման միասնական տանիքը գտել են՝ դա ԵՄ-ն է, որը էֆեկտիվ աշխարհաքաղաքական միավոր է։ Ռուսաստանն էլ կարծես փորձում է այդ ուղղությամբ գնալ և փորձում է ունենալ իր կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական միավորը։ Շատերն այն անվանում են ԽՍՀՄ-2, բայց իրականում այն չի կարող նման լինել ԽՍՀՄ-ին, որն արդեն փլուզվել է։ Նախ նոր միավոր ձևավորելու ձգտում ունեցող երկրները վաղուց սոցիալիստական չեն և ապրում են նույն տնտեսա-քաղաքական մոդելով ինչ Արևմուտքում և որ ամենակարևորն է նոր ձևավորվելիք միավորի հնարավոր անդմաները, որոնց թվում կարող է լինել նաև Հայաստանը 30 տարի է ինչ անկախ են ու վստահաբար հիմա անկախության փորձ ունեցող երկրների ստեղծած միավորը նշանակալիորեն այլ որակի միավոր է լիենլու։ 

Նշմարվող նոր միավորը, որը հիմա արդեն կոչում են միութենական պետություն, հնարավորություն է Հայաստանի համար լուծել իր անվտանգային-քաղաքական խնդիրները։ Ի տարբերություն Սովետական Հայաստանի, այս անգամ սուվերենության պահպանմամբ, ինչպես ԵՄ անդամ պետություններն են, որոնք ունեն սուվերենություն, բայց միևնույն ժամանակ ունեն ընդհանուր շահեր, որի ուղղությամբ գործում են անդամ բոլոր պետությունները։

Եվ եթե Հայաստանին հաջողվի մաս կազմել աշխարհաքաղաքական այս նոր միավորին, ապա կարելի է  վստահաբար ասել, որ առաջիկա տասնամյակները մեր երկրի համար լինելու են առաջընթացի ու զարգացման տասնամյակներ։