Քաղաքացիները Երևանից ավտոերթով շարժվել են դեպ...

Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք։  Երթի մասնակիցները Գորիսում կհանդիպեն ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակվելու պատճառով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին՝ նրանց հանձնելու նվերներ։ Այնուհետև նրանք կշարունակեն իրենց ճանապարհը դեպի այն հատված, որտեղից փակ է Լաչինի միջանցքը։

Ակցայի մասնակիցներից Սամվել Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք մի քանի պրոյեկտներ ենք անում, այդ թվում «100 տուն Արցախում» նախագիծը, այսօրվա մեր ծրագիրը կոչվում է «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին»: Այս պահին մեկնում ենք Գորիս՝ հանդիպելու այն երեխաներին, որոնք ճանապարհը փակվելու պատճառով չկարողացան մեկնել Արցախ: Նրանց կփոխանցենք նվերներ, նրանց հետ կունենանք ճաշի առիթ: Դրանից հետո կշարժվենք դեպի անձակետի հատված, կփորձենք բանակցել մեր հայ ոստիկանների հետ, հետո նաեւ ռուս խաղաղապահների հետ: Մենք պետք է մեր լավագույնը անենք, չենք կարող էստեղ նստել սպասել: Չենք կարող ուղղակի ասել՝ Արցախը սիրում ենք ու հանգիստ նստենք։  Չենք կարող նստել այստեղ ու սպասել, թե ինչ որ բան կստացվի»:

Նա նշեց, որ իրենց ճանապարհին էլի քաղաքացիներ են միանալու:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել: