ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարց ուղղեց.
«Երբ դրամի արժևորման որոշակի պահուստներ եք ստեղծում, միշտ պետք է անվտանգային բարձիկ ունենալ, բոլորս գիտակցում ենք, որ մենք պետք է ունենանք արտադրանքի արտահանման ծավալների մեծացում, ծառայությունների մատուցում և տուրիզմի ավելացում։ Այս դեպքում մենք նորից արտարժույթ կունենանք․ սա պետք է դառնա մեր բոլորի ամենօրյա աշխատանքը։ Արդեն երկու ամիս է՝ միկրոն փոխվել է, կառուցվածքը փոխվել է՝ դրանք գնացել են պարզեցված հարկի, թե՞ ավելացված հարկի ինստիտուտին։ Երկու ամսում ինչքա՞ն հարկ է վճարվել, որ հասկանանք՝ այդ փոփոխությունը ինչ աստիճան ինստիտուցիոնալ փոփոխությունների բերեց»։
Սրանի ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց, որ արտարժույթի փոփոխության սցենարը նախատեսված է առաջիկա անելիքների մեջ, և կան դրա հետ կապված ռեզերվներ, սակայն ոչ միայն այս հարցում, այլև տարբեր ռիսկեր են հաշվի առնում՝ սկսած այլ արտաքին տնտեսական շոկերից, վերջացրած ներդրումների-արտահանումների բավարար չհասնելով։
Սուքիասյանը անդրադարձավ նաև գերատեսչությունների աշխատակիցների թվաքանակին։ «Մենք 30 տարվա լուրջ պրոբլեմ ունենք, դա մեր աշխատակիցների ավել լինելն է տարբեր գերատեսչություններում, այսօր էկոնոմիկայի նախարարը նշեց, որ կա 100 հազար աշխատակցի կարիք, ինչո՞ւ մենք այստեղ արագ ատեստացիաներ չենք անցկացնում, որի արդյունքում, աշխատավարձերն էլ կրճատման արդյունքում կբարձրանան։ ՀՀ-ում պետք է բոլորը գիտակցեն՝ յուրաքանչյուր մասնագետ պիտի ունենա բարձր աշխատավարձի իրավունք, եթե բարձր աստիճանի կրթություն ունի։ Առանց սրա մենք չենք ունենա պատասխանատու աշխատակիցներ»,- նշեց նա։
Այս դիտարկմանն ի պատասխան՝ նախարարը նշեց, որ անցած տարի հաստատվել է հանրային ծառայողների բարեփոխումների ռազմավորություն․ «Սա ծանր ռեֆորմ է։ Կարծում եմ՝ կարևոր է, թե ինչ արագությամբ մենք թվայնացման փոփոխությունները պետք է անենք, մոտ ապագայում որոշակի արդյունքներ կունենանք, սա շատ բարդ պրոցես է»։
Սուքիասյանը ևս շեշտեց, որ քաղաքացի և պետական մարմին հարաբերությունները պետք է թվայնացված լինեն։



