«Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման գլխավոր քարտուղ...

Իրաքում գործող «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման անդամները մարտի 19-ի վաղ առավոտյան հայտարարել են հինգ օրով Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները որոշակի պայմաններով դադարեցնելու մասին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

««Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման գլխավոր քարտուղարը հրամայել է հինգ օրով դադարեցնել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները»,- նշել է խմբավորման անվտանգության պատասխանատու Աբու Մուջահիդ ալ-Ասսաֆը։

Նրա խոսքով՝ 5-օրյա դադարը որոշակի պայմաններ ունի։

«Սիոնիստական ​​​​կազմակերպությունը պետք է դադարեցնի Բեյրութի հարավային արվարձանների տեղահանությունները և ռմբակոծությունը, պետք է զերծ մնա Բաղդադի և այլ նահանգների բնակելի թաղամասերի ռմբակոծությունից։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ) գործակալները պետք է դուրս բերվեն  իրենց կայաններից և մնան դեսպանատանը», - նշված է հայտարարության մեջ։

Ալ-Ասսաֆն ընդգծել է, որ եթե պահանջները չկատարվեն, պատասխանը կլինի ուղիղ և կենտրոնացված՝ 5-օրյա ժամկետից հետո հարձակումների սրմամբ։

Վերջին օրերին Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող դրա լոգիստիկ աջակցության կենտրոնն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թիրախ են դարձել, որոնց մեծ մասը որսացել են հակաօդային պաշտպանության ուժերը։

Մյուս կողմից Իրանին աջակցող «Իրաքի իսլամական դիմադրություն» անվամբ կազմակերպության ներքո գործող իրաքյան խմբավորումները պարբերաբար պատասխանատվություն են ստանձնում Իրաքում և տարածաշրջանում «թշնամու բազաների» վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների համար։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։