Քա՞նի գրոշի արժեք ունի Արայիկ Հարությունյանի...

Ռուս խաղաղապահների՝ Արցախում տեղակայման գործընթացի մեկնարկից հետո հաճախ կարելի է տեսնել Ստեփանակերտից տարածվող հաղորդագրություններ, որոնց կից լուսանկարներում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կանգնած է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի կողքին։

Հասկանալի է, դրանք պատահական նկարներ չեն եւ որոշակի մեսիջներ պարունակում են իրենց մեջ, հատկապես ուղղված հակառակորդին։ Սակայն որքան էլ փորձ արվի ինչ-ինչ մեսիջներ հղել, պարզ է, որ Բաքվում հիմա արբեցած են իրենց հաղթանակով, իսկ Արայիկ Հարությունյանն այս պահին ավելին չէ, քան ռուսական հրամանատարության մոտ աշխատող տարածաշրջանի քաղաքացիական մասի վարիչ․ ասենք՝ շրջխորհրդի նախագահ։ Մինչդեռ, արցախցին Արայիկ Հարությունյանին սրա համար չէր ընտրել։ Եվ սրա համար չէ, որ Արայիկ Հարությունյանը կոչվում է նաեւ Արցախի ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար։ Արցախցին նրան ընտրել էր, հույս ունենալով լավ ապագայի, Ղարաբաղյան հարցի հայանպաստ կարգավորման հույսով, սակայն ոչ երբեք Շուշիում ազանի հնչելը լսելու համար։

Այո, պետք է արձանագրել, որ որպես Գերագույն հրամանատար Արայիկ Հարությունյանը պիտանի չէ նույնքան, որքան Նիկոլ Փաշինյանը Հայաստանում։ Արայիկ Հարությունյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ պարտվեցին պատերազմում։ Այո, Արայիկ Հարությունյանն էլ իր քաղաքական կնքահոր՝ Նիկոլ Փաշինյանի նման փորձում է մեղադրել բոլորին, եթե հնարավորություն ունենար՝ նույնիսկ Լեդի Գագայի հայտնի տեսահոլովակի ստեղծողներին, բայց ոչ երբեք ինքն իրեն։

Պարզապես սա նշանակում է մի բան, նա ունակ չէր ստանձնելու պատասխանատվություն։ Սա արդեն խոսում է մարդկային որակների մասին։ Ու հետաքրքիր է, այս ամենից հետո, ինչպես է նա շարունակելու պաշտոնավարել, ինչպես է շարունակելու նայել շարքային արցախցու, շարքային հայաստանցու կամ ընդհանուր առմամբ՝ շարքային հայ մարդու աչքերին։ Կամ ինչ երեսով է գնալու այցի եղբոր գերեզմանին, ով զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում։ Չէ որ նա եւ իր քաղաքական «տանիքի» անդամները՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, զրոյացրեցին այն ամենը, որ ձեռք էր բերվել նաեւ հենց Արայիկ Հարությունյանի եղբոր արյան գնով։ Ու ընդհանրապես, Արայիկ Հարությունյանի համար կյանքը հիմա դեռ արժեք ունի արդյո՞ք եւ քանի՞ գրոշի, եթե իհարկե ունի։