Քաջարանի թունելի շինարարության համար տրամադրվ...

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը:

Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200 մլն դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն  ու վթարայնության նվազեցումը։

Ներկա փուլում համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն ապահովելու նպատակով Ծրագրի շրջանակներում նախատեսված են խորհրդատվական ծառայություններ, որոնք իրավասու է իրականացնել միայն այն ընկերությունը, որը մշակել է մանրամասն նախագիծը։ Մինչդեռ Համաձայնագրով նախատեսված չէ խորհրդատուի արտամրցութային ընտրության գնման ընթացակարգը:

Վերոգրյալով պայմանավորված՝ համաձայնագրին կից լրացուցիչ համաձայնագրում կատարվել է լրացում ԿԶԵՀ գնումների ընթացակարգերի արտամրցութային ընտրության վերաբերյալ:

Հաշվի առնելով Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների (շուրջ 4 կմ ընդհանուր երկարությամբ) առանցքային նշանակությունը՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունը նպատակահարմար է համարում ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագրի հաստատումը: