
Այսօր ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
Նիստի ընթացքում Ծառայության ղեկավարը ամփոփել է ՊՎԾ կողմից 2024 թվականին իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքները` ընդգծելով իրականացված աշխատանքների արդյունավետությանն առնչվող մի շարք ակնառու ցուցանիշներ և վիճակագրական տվյալներ։
Հաշվետու տարվա ընթացքում Ծառայության պետական կառավարման մարմինների և ենթակա հիմնարկների կողմից իրականացվել են 159 մշտադիտարկումներ, որոնցից 114-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 40-ը տեղափոխվել են 2025 թվական։ Բացի այդ, իրականացվել է 27 ուսումնասիրություն, որոնցից 22-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 5-ը տեղափոխվել են 2025 թվական։
ՊՎԾ գործունեության արդյունքում պետական բյուջե է վերադարձվել շուրջ 922 մլն դրամ:
Արդյունքային ցուցանիշները՝ համառոտ.
2024 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում և նրանց ենթակա կազմակերպություններում Ծառայությունն իրականացրել է 27 ուսումնասիրություն և 159 մշտադիտարկում։
2024 թվականի ընթացքում Ծառայության կողմից վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 922 մլն ՀՀ դրամ (2023թ.-ին՝ 1,1մլրդ ՀՀԴ)։
Ծառայության վերահսկողական գործունեության իրականացման արդյունքում 69 տեղեկանք և տեղեկատվություն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հետագա քրեաիրավական ընթացքն ապահովելու համար. Այդ գործերից 63-ի հիմքով արդեն նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Սույն թվականի Մայիսի 29-ին Ազգային Ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ մինչ այս ֆինանսների նախարարության լիազորությունների մեջ մտնող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունն այսուհետ վերապահվեց Պետական վերահսկողական ծառայությանը:
Բացի այդ, նոր օրենքով Ծառայության վերահսկողական լիազորություններն ընդլայնվեցին նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում՝ պետական բյուջեից տրամադրվող պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության իրականացման մասով: