Պուտինը շնորհակալություն հայտնեց Ալիևին․ Ադրբ...

Երեկ՝ հուլիսի 20-ին տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Ալիև-Պուտին հանդիպումը կարելի է համարել ադրբեջանական կողմի հերթական հաղթանակը այս անգամ արտաքին դիվանագիտական ճակատում։ 

Հանդիպման ընթացքում ակնհայտ էր, որ դոմինանտ դերում Ադրբեջանն է։ Հանդիպման հրապարակային հատվածում բոլոր հայտարարությունները համահունչ էին Ադրբեջանի առաջ քաշած արտաքին քաղաքական թեզերին և սահմանած պահանջներին։

Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին տարածաշրջանային կայունության համար ջանքեր ներդնելու համար․««Իհարկե, կարեւորագույն հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը: Գիտեմ, որ դրան մեծ ուշադրություն եք հատկացնում եւ կարեւորություն  տալիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են: Սակայն եթե մենք ցանկանում ենք, իսկ մենք բոլորս ցանկանում ենք կարգավորում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ օրս մեզ հաջողվել է դա անել »,-ասել է ՌԴ նախագահը:

Սա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը մի քանի օր է կրակի տակ է պահում Հայաստանի սահմանները։ Արդեն իսկ կա զոհ, մի քանի վիրավոր և երկու գերեվարված հայ զինվորական։ Հետաքրքիր է, թե այս ֆոնին ինչպես է ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն հայտնում Ալիևին տարածարջանային կայունության պահպանման գործում ներդրած ջանքերի համար։ 

Այս հանդիպմամբ ամրապնդվեց նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի առաջ քաշած այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղ անվամբ միավոր այլևս գոյություն չունի։ Հիշեցնենք, որ մայսի ամսին Ալիևի ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր․«Ադրբեջանում գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր»։ 

Ալիև-Պուտին հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը որևէ անգամ չհիշատակեց Լեռնային Ղարաբաղի անունը։ Անգամ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս օգտագործվում էր «տարածաշրջանային լարվածություն» տերմինը։ 

Սա նշանակում է, որ Ռուսաստանում ընդունել են մայիսին Ադրբեջանի նախագահի կողմից դրված պահանջը և իրենց համար նույնպես Լեռնային Ղարաբաղ (Արցախ) առանձին միավոր գոյություն չունի։