
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին օրինագիծ։ Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի բազայում։ Չեղյալ է հայտարարվում 1987 թվականի նոյեմբերի 26-ի բուն կոնվենցիան և դրան կից 1993 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները։
Օգոստոսի 25-ին վարչապետ Միխայիլ Միշուստինը առաջարկել է Պուտինին չեղյալ հայտարարել կոնվենցիան։ Իրավապաշտպանները նշել են, որ նման քայլը կավարտի Ռուսաստանում «մարդու իրավունքների նկատմամբ եվրոպական վերահսկողության համակարգի դեմոնտաժման գործընթացը», կզրկի կալանավայրերում գտնվող քաղաքացիներին «վերջին պաշտոնական միջազգային պաշտպանությունից» և «պայմաններ կստեղծի երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացման համար»։
Սա Կրեմլի առաջին քայլը չէ միջազգային պարտավորություններից ազատվելու ուղղությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանը դուրս է եկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից և դադարել է կատարել ՄԻԵԴ-ի որոշումները։ Դրանից հետո չեղյալ են համարվել Եվրոպայի խորհրդի տասնյակ այլ փաստաթղթեր՝ սկսած Եվրոպական սոցիալական խարտիայից մինչև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիա։