Պուտինն ասաց, որ իր համար անընդունելի է Փաշին...

Հայաստանի գործող իշխանությունները, իշխանամերձ եւ աջակից շրջանակները երեկվանից անասելի ակտիվության տարածում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, թե Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելը հիմնավոր չէ, կամ որ հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են եւ այլն։ Իհարկե, այլ կերպ Ռուսաստանի նախագահը չէր կարող արտահայտվել․ ի վերջո ի դեմս Ռուսաստանի գործ ունենք կայսերական մտածողության տեր գերտերության հետ, որի համար կատեգորիաներ են պատմական ավանդույթները, ժողովուրդների եղբայրությունը եւ այլն, իսկ Պուտինը ռուսական կայսերական մտածողության կրողն է ու ամենավառ ներկայացուցիչը, գաղափարապես իրեն հարազատ համարելով Ալեքսանդր 3-րդ Խաղաղարար ցարին։ Միեւնույն ժամանակ, սակայն, նույն իշխանական թիմն ու վերջինիս սատելիտները մոռանում են նույն եռանդով կիսվել ու տարածել նաեւ Պուտինի այն խոսքերը, որոնց համաձայն, պատերազմող կամ պատերազմի վտանգի տակ գտնվող երկիրը, որպիսին Հայաստանն է եղել երեսուն տարի շարունակ, չի կարող իրեն թույլ տալ իրեն այնպես պահել, ներառյալ նաեւ իշխանության կազմակերպման հարցում, որպեսզի հասարակությունը պառակտվի ներսից։ Պուտինը դա համարել է անթույլատրելի, ոչ արդյունավետ (վնասակար) եւ չափազանց վտանգավոր (սպառնալիքներով հղի)։ Պուտինը ընդգծել է, որ Հայաստանի մասով հենց նման սպառնալիքներով հղի իրավիճակի ականատեսն են եղել։ Միաժամանակ նաեւ Պուտինը հստակ արձանագրել է, որ իր համար փողոցից եկած իշխանությունը ընդունելի չէ։ Նման արձանագրումները հստակ գնահատականն են գործող իշխանության հանդեպ Կրեմլի վերաբերմունքի, որոնք մեղմվում են արդեն ինչ որ առումով, տեղի տալով արդեն նշված կայսերական մտածողության, ժողովուրդների դարավոր եղբայրության եւ այլ կատեգորիանով, որոնք նույնպես իր հարցազրույցում ընդգծեց Ռուսաստանի նախագահը։ Ի դեպ, Հայաստանում հասարակության պառակտման հարցում Փաշինյանն ու նրա թիմակիցներն իրենց սատելիտներով, մրցակցությունից դուրս են՝ հին ու նորի, նախկինի ու ներկայի, սպիտակի ու սեւի բաժանումներով։ Այնպես որ Պուտինի նախատինքի ուղիղ հասցեատերը հենց նրանք են, որոնք երկուս ու կես տարի փոխանակ հասարակությունը համախմբելու, մասնատեցին ու ջլատեցին բերելով այն վիճակին, որում հիմա հայտնվել է հայ ժողովուրդը։