Փող չունեք գերի հանձնվեք․ Սամվել Բաբայան

Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանը կարծում է, որ առաջին հերթին պետք է լուծվի Արցախի հարցը, վերականգնվի Արցախի տարածքային ամբողջականությունը, հետո նոր իրականացվի սահմանազատում։ Եթե այս բանը Ադրբեջանը չի ընդունում, ապա չպետք է այլ հարց քննարկել նրա հետ։  «Ահագին տարածքներ կան, որ մերն են, բայց իրենց ձեռքում են և հակառակը, դե արդեն խնդիր է, թե ով է շահող լինելու, ավելի շատ մենք, թե իրենք: Քաղաքական ղեկավարության և ռազմական գերատեսչության խնդիրն է թույլ չտալ այս ամենը կատարվի, բայց քանի որ արդեն թույլ է տվել, մենք էլ մեր բանակի քանակը գիտենք, սահմանին ամբողջ երկարությունը գիտենք, դրա համար բացատրում ենք, որ պետք է բանակ կառուցենք»,- կարծում է Սամվել Բաբայանը, հավելելով, որ հեքիաթներ են այն խոսակցությունները, որ փող չկա, սա չկա, նա չկա։ «Փող չունեք, գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, պարսիկին: Ինչ խոսում ենք, ասում են՝ փող չունենք»,-ասել է Բաբայանը։ Նա նաեւ հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին անպայման մասնակցելու է։ «Եթե չենք ուզում, որ այսպես գնանք ու երկիրը կործանենք, մենք դրա համար մտնում ենք այս պրոցեսի մեջ»,-ասաց նա և հարցին, թե կա՞ հավանականություն, որ դաշինք կկազմի որևէ կուսակցության հետ, վերջինս պատասխանեց, որ որևէ մեկի հետ համագործակցությունը չի բացառում:

«Երեք նախագահները մասնակցում են, թող մասնակցեն, հասարակությունն է որոշելու՝ իրենց կառավարելու հնարավորություն տալիս է, թե ոչ: Մենք անգամ չգիտենք, թե ինչ ուժեր են մտնելու խորհրդարան, ովքեր են լինելու, այլ հարց է, թե մենք ցանկանում ենք տեսնել այդ մարդկանց: Ժողովուրդն է որոշելու, զարմանում եմ, որ ասում են՝ մենք հաղթելու ենք, ոչ մեկն էլ չի հաղթելու, հաղթելու է նա, ում ժողովուրդը ձայն տա»,-ասել է Բաբայանը։ Նա չի բացառել, որ  ընտրախախտումներ կլինեն, կաշառքներ կբաժանվեն: «Կապ չունի՝ ընտրություններում ով է հաղթում, ով է պարտվում, ամեն ինչ բերելու է արյունահեղության, մենք ամեն ինչ անելու ենք, որ  դա թույլ չտանք»: