Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի տնօրենի մրցույթը, որը տեղի է ունեցել այսօր՝ ԿԳՄՍՆ-ում, ավարտվել է: Մրցույթին մասնակցել է երկու թեկնածու՝ Սարգիս Արզումանյանը եւ Էլիզա Մանթաշյանը: Էլիզա Մանթաշյանը չի ներկայացել, իսկ Սարգիս Արզումանյանը չի հաղթահարել թեստավորման փուլը:
NEWS.am-ի հետ զրույցում Սարգիս Արզումանյանն ասաց, որ թեստավորման փուլից առաջ իր նկատմամբ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի կողմից հոգեբանական ճնշում է եղել.
«Փոխնախարարի կողմից նորից խոսակցությունն էր այն մասին, որ պետք է Գոյը լուծարել եւ այլն: Այդ թեման կապ չուներ մրցույթի հետ»:
Հարցին՝ արդյո՞ք այդ թեմայի մասին խոսակցությունը ազդել է իր՝ մրցույթի թեստավորման փուլը չհաղթահարելուն, թեկնածուն ասաց. «Հնարավոր է: Եթե ուզում են թատրոնը փակել, ապա միտումներ հնարավոր են»:
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, եւ միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։



