
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Նյու Յորքից վերադառնալուց հետո, որոշել է առողջության ապահովագրության թեման վերցնել իր վերահսկողության տակ։ Տպավորություն է, որ այս ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը ձախողել է ապահովագրության ներդրումը, ինչի հետևանքով էլ նախարարն անձամբ է հայտնվել գործընթացի առաջատարի դերում և հատուկ ասուլիս է հրավիրել դրա վերաբերյալ։
Լենա Նանուշյանը, որը առավել հայտնի է սոցիալական հարթակներում տեսանյութեր նկարելով և տարածելով, փաստացի տապալել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ակնկյունաքարային խոստումը։
Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը դեռևս 2023 թվականին պետք է ներդրված լիներ Հայաստանում, սակայն գործընթացը շարունակաբար հետաձգվել է և մինչ օրս կյանքի չի կոչվել։
Իսկ այդ ընթացքում Լենա Նանուշյանի որդին ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից, թեպետ Կառավարությունը լուրջ դեմքով պահանջում է, որ մյուսները չխուսափեն բանակից, քաղաքացիություն չփոխեն, բոլորը ծառայեն: Ավելին՝ պարտադիր զորավարժանքից խուսափողների պատիժն են խստացնում: Իսկ փոխնախարար Նանուշյանը ե՛ւ անձնական-ընտանեկան հարցերը լուծեց, ե՛ւ ապահովագրությունը տապալեց ե՛ւ շարունակում է մնալ որպես պետական բարձր պաշտոնյա:
Հիմա նախարար Ավանեսյանը փորձելու է իր ձեռքով նոր ընթացք հաղորդել գործընթացին։ Նախարարը ծրագրում է ասուլիս տալ հենց ապահովագրության թեմայով և արդեն խնդրել է լրագրողներին միջոցառման ժամանակ այլ հարցեր չուղղել իրեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: