Ապրիլի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:
Ըստ լրատվամիջոցի՝ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց Ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավարն է: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է փոխմարզպետի տարածած տեղեկատվությունը և հայտարարել, որ անգամ չի ճանաչում նրան և հետևաբար չէր կարող կոնֆլիկտի մեջ մտնել նրա հետ։



