Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ իր զինված ուժերը հետ է քաշում Իրաքի հյուսիսային՝ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններից։ Այս քայլի նպատակը թուրքական բանակի հետ բախումներից խուսափելն է և Անկարայի հետ խաղաղության բանակցություններին նպաստելը։ Այս մասին հայտնում է քրդական Rudaw հեռուստաալիքը։
«Նոյեմբերի 16-ի երեկոյի դրությամբ մեր ուժերը դուրս են եղել Զապի շրջանից։ Ներկայում, այդ հատվածում հակամարտության ռիսկը ամբողջությամբ վերացված է։ Մենք հավատացած ենք, որ այս նոր քայլը կծառայի քրդական հարցի լուծմանն ու կօգնի Թուրքիայի ժողովրդավարացմանն ու խաղաղությանը»,- ասվում է PKK-ի հայտարարության մեջ։
Հոկտեմբերի վերջին PKK-ն հայտարարել էր իր ուժերն ամբողջությամբ Թուրքիայի տարածքից դուրս բերելու մասին։ Բացի դա, հայտարարվել էր, որ նմանատիպ միջոցառումներ կձեռնարկվեն սահմանի երկայնքով գտնվող դիրքերում, որտեղ կա հակամարտության կամ սադրանքի ռիսկ։
Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտված ահաբեկչական գործունեության համար, 2025 թվականի փետրվարին կոչ արեց PKK-ի հետ կապված բոլոր խմբավորումներին վայր դնել զենքերը և դադարեցնել Անկարայի հետ հակամարտությունը։ Մայիսին PKK-ն համագումար անցկացրեց, որտեղ որոշեց լուծարվել և վերջ դնել Թուրքիայի հետ գրեթե 50-ամյա դիմակայությանը։



