Պետությունը՝ իշխանությունից վեր․ ընդդիմության...

Քաղաքական ուժերի պետական մտածողությունը չափվում է ոչ այնքան իշխանության հասնելու նրանց կարողությամբ, որքան այն սահմաններով, որոնք նրանք պատրաստ չեն հատել նույնիսկ իշխանության հասնելու համար։ Հենց այդ սահմանների գոյությունն է տարբերակում պետական քաղաքականությունը իշխանության համար սովորական պայքարից։

Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական հանրաքվեին ընդդիմության աջակցության դիմաց վարչապետի պաշտոնից հեռանալու մասին առաջարկի շուրջ ծավալված քննարկումը հնարավորություն է տալիս հայաստանյան քաղաքական գործընթացները դիտարկել միանգամայն այլ հարթության մեջ։

Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական կյանքում իշխանափոխությունը հաճախ ներկայացվել է որպես երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գլխավոր նախապայման։ Սակայն իշխանափոխությունն ինքնին պետական նպատակ չէ։ Այն ընդամենը քաղաքական գործիք է, որի արժեքը որոշվում է այն արդյունքով, որին հնարավոր է հասնել դրա միջոցով։

Եթե իշխանափոխության գինը պետության հիմնարար սկզբունքների վերանայումն է՝ արտաքին քաղաքական պահանջների համատեքստում, ապա առաջանում է սկզբունքային հարց՝ ի՞նչ իմաստ ունի ստանձնել պետության կառավարումը, եթե դրա դիմաց պետք է համաձայնել սահմանափակել այդ պետության ինքնիշխան քաղաքական կամքը։

Սահմանադրությունը որևէ իշխանության սեփականությունը չէ։ Այն սերունդների միջև կնքված քաղաքական և իրավական պայմանագիր է, որը սահմանում է պետության գոյության հիմնարար սկզբունքները։ Հետևաբար դրա փոփոխությունը չի կարող պայմանավորվել որևէ գործչի քաղաքական ճակատագրով։

Այս տեսանկյունից ընդդիմության մերժումը կարելի է դիտարկել ոչ միայն որպես ներքաղաքական դիրքորոշում, այլև որպես պետական շահի և կուսակցական շահի տարանջատման փորձ։

Խնդիրն ունի նաև արտաքին քաղաքական կարևոր նշանակություն։ Միջազգային հարաբերություններում պետության ինքնիշխանությունը պայմանավորված է ոչ միայն նրա ռազմական ու տնտեսական կարողություններով, այլև սեփական որոշումների սահմանները պաշտպանելու ունակությամբ։ Երբ մեկ պետության պահանջները դառնում են մեկ այլ պետության սահմանադրական օրակարգի ձևավորման գործոն, առաջանում է վտանգավոր նախադեպ։ Նույնիսկ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը չի վերացնում այդ նախադեպի երկարաժամկետ հետևանքները գնահատելու պարտավորությունը։

Ազգային արժանապատվությունն այս համատեքստում զգացմունքային կամ վերացական հասկացություն չէ։ Այն քաղաքական ինքնուրույնության կարևոր բաղադրիչ է՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու հավաքական կարողություն։

Միաժամանակ ընդդիմության համար սկզբունքային մերժումը դեռևս բավարար չէ քաղաքական նոր մշակույթի ձևավորման մասին խոսելու համար։ Դրան պետք է հաջորդեն պետության զարգացման, անվտանգության ապահովման և արժանապատիվ խաղաղության հաստատման այլընտրանքային առաջարկներ։ Պետական մտածողությունը ենթադրում է ոչ միայն անընդունելի պայմանների մերժում, այլև ընդունելի ապագայի ձևակերպում։

Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական համակարգ, որտեղ իշխանության և ընդդիմության մրցակցությունից վեր գոյություն ունեն համազգային սկզբունքներ, որոնք չեն վերածվում բանակցությունների կամ քաղաքական սակարկությունների առարկայի։

Իշխանությունները ժամանակավոր են, պետությունը՝ սերունդների ժառանգությունը։ Քաղաքական գործչի հեռանալը կամ մնալը պատմականորեն անցողիկ իրադարձություն է, մինչդեռ պետականության հիմնարար սկզբունքների փոփոխությունը կարող է կանխորոշել դեռևս չծնված սերունդների ճակատագիրը։

Պետական քաղաքականության բարձրագույն նպատակը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ այնպիսի պետություն պահպանելը, որտեղ իշխանության համար պայքարն իմաստ ունի։

Արման Օհանյան