
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանների դատախազության դատախազները, այլք:
Դավիթ Աղաջանյանը ներկայացրել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով նախաձեռնված վարույթների վիճակագրությանը, դատարան հանձնված քրեական վարույթներին և դատարաններում ավարտված քրեական գործերին: Վարչական շրջանների դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2321 վարույթ (2023 թվականին` 2615 քրեական վարույթ), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 404 քրեական վարույթ` 438 անձի վերաբերյալ (2023 թվականի՝ 346 քրեական վարույթ` 399 անձի վերաբերյալ), դատարաններում ավարտվել է 204 քրեական գործ՝ 217 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 229 քրեական գործ՝ 243 անձի վերաբերյալ):
Դավիթ Աղաջանյանի տեղեկացմամբ, 2024 թվականին քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 42 միլիոն դրամի վնաս, որից վերականգնվել է շուրջ 28 միլիոն դրամը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը: