Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և Եմենի հութիների կողմից առևտրային նավերի դեմ հրթիռային հարձակումների ավելացման պայմաններում փետրվարին Կարմիր ծովով բեռնափոխադրումների ծավալը տարեկան կտրվածքով կրկնակի նվազել է: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Ջուլի Կոզակը։
«Սուեզի ջրանցքով երթևեկության ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 55 տոկոսով»,- ասել է պաշտոնյան:
Ըստ Կոզակի՝ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել բացասական տնտեսական հետևանքների և ծանր հումանիտար իրավիճակի։
Միևնույն ժամանակ, Հարավային Աֆրիկայի հրվանդանով երթևեկության ծավալն աճել է գրեթե 75 տոկոսով, հավելել է ԱՄՀ ներկայացուցիչը։ Այս ծովային ուղին դարձել է այլընտրանքային առևտրային ուղի բազմաթիվ նավերի համար, որոնք ձգտում են խուսափել հրթիռային հարձակումների վտանգից։