ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորանշանակ նախագահ Բեն Քարդինը հանդես է եկել Հայաստանին աջակցելու և Ադրբեջանի հետ ռազմական օգնության և անվտանգության ոլորտում համագործակցության վերանայման անհրաժեշտության մասին հայտարարությամբ․
«Մոտ մեկ տարվա սարսափելի շրջափակումից հետո նախագահ Ալիևը վերջապես օգտագործեց ռազմական ուժը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վրա վերահսկողություն իրականացնելու համար՝ փաստացիորեն ջնջելով տեղի հայ բնակչությանը և նրա հարուստ պատմությունը: Քանի որ աշխարհը շարունակում է պայքարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների համակարգված, միտումնավոր արշավի դեմ, մենք պետք է առաջնահերթություն տանք տեղահանված հայերին աջակցելուն, ինչպես նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն…
Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ վերջինս չի դադարեցրել այս դաժան արշավը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է նաև վերահաստատեն մեր հանձնառությունը ռազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրման հարցում, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիների հայրենադարձման ջանքերին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է կալանավորված պահել:
Վերջապես, մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք հայ ժողովրդին, հատկապես, որ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են պոտենցիալ «Զանգեզուրի միջանցքը»։ Մենք պետք է ավելացնենք մարդասիրական աջակցությունն այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը։ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել նաև Հայաստանի ղեկավարության կողմից վերջին տարիներին իրականացված ժողովրդավարական բարեփոխումներին»,- հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորանշանակ նախագահը։