Մինչև օպերատիվ իրավիճակին ծանոթանալը ուզում եմ մի քանի կարևոր շեշտադրում անեմ մեր անելիքների մասին։ Այս մասին այսօր Կութ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ Երևանից սկսված մինչև Կութ համայնք բոլորը մեկ ընտանիք են և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվել։
«Էս իրավիճակում՝ պարզ ա, որ շատ նյարդային ա իրավիճակը, շատ հուզական է, բայց պետք ա մենք մեր սթափությունը և հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև եթե սթափությունը և հավասարակաշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատենք և ճիշտ որոշումներ կայացնենք»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ հաջորդ կարևոր շեշտադրումը տեղեկատվության մեջ թացը չորից տարբերելն է։
«Չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ և չդարձնել մեզ։ Էլի եմ ուզում ասել, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ, խնդրում եմ որևէ մեկի մտքով թող չանցնի, որ էսօրվա կառավարությունը ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ ա, ինչ որ դավադրությունների մեջ ա։ Էդպիսի բան ի բնե լինել չի կարող»,- հայտարարեց Փաշինյանը։



