Պետական բյուջեի 80 տոկոսը նախկինից ժառանգված...

Այսօր մեր պետական բյուջեի մեջ ծախսերի մոտավորապես 80 տոկոսն այն ծախսերն են, որոնք նախկինից ժառանգված են և պարտադիր ծախսեր են, 2018-ից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել:

Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ծախսերի 80 տոկոսը, եթե ոչ ավելին, շարունակական ծախսերն են, որոնք կարևոր ծախսեր են․ օրինակ, կենսաթոշակը։ Մենք չենք կարող վերցնել ու ասել՝ եկեք կենսաթոշակը մի քիչ այս տարի պակասեցնենք և ավելի շատ ծախսենք այլ նպատակների, այդ թվում մարդու իրավունքների վրա։ Բյուջետային հնարավորություններրի մասին խոսելիս միշտ պետք է սա հաշվի առնենք»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մյուս կողմից, երբ իրենք հարկային բարեփոխումներ ենք փորձում իրականացնել, դա շատ դեպքերում որոշակի տարընթերցումների տեղիք է տալիս։

«Մենք ուզում ենք պատշաճ աշխատավարձեր լինեն, որ բոլոր տեղերը մարդիկ պատշաճ ձևով կարողանան աշխատեն, բայց շատ դեպքերում ստիպված ենք կատարել ընտրություն, այդ ընտրությունը դժվար է երբեմն, շատ դեպքերում մեզ օգնության են հասնում միջազգային գործընկերները։ Այո, ծախսենք ավելի շատ մարդու իրավունքների վրա, իհարկե, ոչ մի կասկած, բայց մենք ունենք 2 ճանապարհ․ պետք է ասենք՝ որտեղից կրճատենք, որ այնտեղ ավելացնենք, կամ ինչպես ավելացնենք բյուջեի եկամուտները, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա։