Պենտագոնի շենքի վրա ավելի քան 70 տարի փակցված բրոնզե հնացած ցուցանակները փոխարինվել են նորերով՝ «Պատերազմի նախարարություն» (Department of War) գրությամբ, ինչպես այժմ պաշտոնապես կոչվում է գերատեսչությունը:
Պատերազմի նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ 27-ական կիլոգրամ կշռող նոր բրոնզե ցուցանակներից յուրաքանչյուրի չափը մոտավորապես 75x50 սանտիմետր է։
Գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը, որն ամրացրել է ցուցանակներից մեկի վերջին պտուտակը, հայտարարել է, որ ներկայիս անվանումն արտացոլում է գերատեսչության նոր ոգին։
«Մենք սիրում ենք այն ամենը, ինչ ներկայացնում էր Պաշտպանության նախարարությունը։ Բայց սա Պատերազմի նախարարության նոր դարաշրջան է, որը կենտրոնացած է պատերազմներում հաղթանակ տանելու վրա», - ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ զորքերը պետք է հստակ իմանան՝ որն է առաքելությունը, և ուղարկվեն հաջողության հասնելու և հաղթելու համար։
Ավելի վաղ NBC News-ը հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության վերանվանման ծախսերը կարող են կազմել 2 միլիարդ դոլար։ Այս քայլը կպահանջի հազարավոր ցուցանակների, նշանների ու ձևաթղթերի, ինչպես նաև այլ առարկաների փոխարինում, որոնց վրա նշվում է ամերիկյան ռազմական գերատեսչության անվանումը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միայն ձևաթղթերի ու ցուցանակների փոխարինման վրա կարող է ծախսվել շուրջ 1 միլիարդ դոլար։
Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն վերանվանելու մասին։ Նա հայտարարել էր, որ սա ավելի համապատասխան անվանում է՝ հաշվի առնելով համաշխարհային իրադրությունը։
ԱՄՆ պատերազմի նախարարությունը գոյություն է ունեցել 1789-1947 թթ., երբ այն վերափոխվեց Ազգային ռազմական գերատեսչության։ 1949 թվականին այն վերանվանվեց ԱՄՆ պաշտպանության նախարարություն։



