Չինաստանի իշխանությունները բացարձակապես անհիմն են համարում ԱՄՆ Պետդեպարտամենտի մեղադրանքներն այն մասին, թե վերջին տարիներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում միջուկային փորձարկումներ են իրականացվել։ Այս մասին հայտարարել է զինաթափման հարցերով Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շեն Ցզյանը։
«Միացյալ Նահանգների այն մեղադրանքները, թե ՉԺՀ-ն միջուկային փորձարկումներ է անցկացնում, բացարձակապես անհիմն են», - Global Times-ը մեջբերում է Շեն Ցզյանի խոսքերը, ով ելույթ է ունեցել Ժնևում՝ Զինաթափման համաժողովի նստաշրջանի ժամանակ:
Ինչպես նա ընդգծել է, Պեկինը հաստատակամորեն սատարում է «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին» պայմանագրի նպատակներն ու խնդիրները։ Շեն Ցզյանը նշել է, որ Վաշինգտոնը պետք է հավատարիմ մնա նմանօրինակ գործունեության մորատորիումի վերաբերյալ իր պարտավորություններին և այս հարցում «աջակցի գլոբալ կոնսենսուսին»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից ՉԺՀ-ի հասցեին հնչեցված նշյալ մեղադրանքները «լոկ պատրվակ են ամերիկյան կողմի սեփական միջուկային փորձարկումների վերսկսման համար»։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով օգնական Քրիստոֆեր Յան հայտարարել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը իբր վերջին տարիներին փոքր հզորության միջուկային փորձարկումներ են իրականացրել։ Նրա պնդմամբ՝ Չինաստանում դա տեղի է ունեցել, մասնավորապես, 2020 թվականի հունիսի 22-ին՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի (երկրի հյուսիս-արևմուտք) Լոբնոր լճի մոտ գտնվող փորձադաշտում։



