ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ՀՀ տարբեր մարզերում իրականացնել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։ Ապրիլի 10-ից կմեկնարկի մարզային այցելությունների երկրորդ փուլը։

«ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում, հայտարարագրման վերաբերյալ իրազեկումից բացի, կանդրադառնան նաև առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող հարցերին՝ ՊԵԿ լիազորությունների շրջանակում»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Իրազեկման հանդիպումների ժամանակացույցը

  • 2026 թվականի ապրիլի 10-ին ժամը 11։00, վայրը՝ ք․ Եղեգնաձոր, Վ․ Գևորգյան 4,
  • 2026 թվականի ապրիլի 14-ին ժամը 15։00, վայրը՝ ք. Սևան, Ս․ Սևանեցի 4ա,  Սևանի բիզնես կենտրոն,
  • 2026 թվականի ապրիլի 15-ին ժամը 15։00, վայրը՝ ք․ Աբովյան, Բարեկամության հրապարակ 1,
  • 2026 թվականի ապրիլի 17-ին ժամը 15։30, վայրը՝ ք․ Կապան, Գ․ Նժդեհի 1, մարզպետարանի շենք,
  • 2026 թվականի ապրիլի 18-ին ժամը 10։30, վայրը՝ ք․ Գորիս, Մաշտոցի 5, մշակույթի տուն։

Միաժամանակ, ապրիլի 8-ից նախատեսված է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ կազմակերպել Երևանում՝ Կոմիտաս 35 հասցեում, յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը՝ 17։00-ին։ 

Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը:

Հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով։ Այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկման աշխատանքներին զուգահեռ, լրացնել և հանձնել իրենց եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես մասնակցի տվյալներն ուղարկել HVSV20@taxservice.am էլ․հասցեին։