
Պաղեստինի պետականությունը ճանաչող երկրները պետք է պատասխանատվություն կրեն և պաշտպանեն պաղեստինցի ժողովրդին սպանություններից։ Այս մասին հայտարարել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Մերձավոր Արևելքի խաղաղության կարգավորմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի ժամանակ։
«Այն երկրները, որոնք այսօր ճանաչել են Պաղեստինի պետությունը, պետք է պատասխանատվություն կրեն և պաշտպանեն պաղեստինցիներին սպանություններից», - ասել է նա։ Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ներկայիս համաժողովը «կարևոր հանգրվան կլինի երկու պետությունների լուծման իրականացման ճանապարհին»։
Ավելի վաղ համաժողովում Ֆրանսիան, Բելգիան, Անդորրան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Սան Մարինոն հայտարարել են Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Սեպտեմբերի 21-ին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը։ Նրանց հայտարարությունների համաձայն՝ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքին հավատարմությունը խաղաղության և անվտանգության գրավականն է ինչպես պաղեստինցի, այնպես էլ իսրայելցի ժողովուրդների համար։