Պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջը հի...

Գեղարքունիքի մարզում տեղակայված զորանոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, որոշ շահագրգիռ ուժեր օգտագործում են քաղաքական նպատակներով և, առաջ ընկնելով նախաքննությունից, արդեն իսկ կարգել են «գլխավոր մեղավորներ», «քավության նոխազներ»՝ պահանջելով մասնավորապես վարչապետի և պաշտպանության նախարարի հրաժարականը։ Civic.am-ը տեղի ունեցած ողբերգական միջադեպի, պաշտպանության նախարարի հրաժարականի և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ։

— Պարոն Խաչատրյան, տեղի ունեցածից հետո ոմանք պահանջում են պաշտպանության նախարարի հրաժարականը՝ որպես գերատեսչության ղեկավարի և «թիվ մեկ մեղավորի»։ Ըստ Ձեզ՝ հիմնավոր, արդարացի՞ է նման պահանջը։

— Այս պահին պաշտպանության նախարարի հրաժարական պահանջելը արդարացված և հիմնավոր չէ։ Նախարարի հրաժարական կարող է պահանջվել այն դեպքում, երբ օբյեկտիվ, բազմակողմանի գնահատական է տրվում նրա գործունեությանը։ Պարոն Պապիկյանի աշխատանքը մենք մի շարք ուղղություններով դրական ենք գնահատում և կարծում ենք, որ նա դեռևս շատ անելիքներ ունի որպես պաշտպանության նախարար՝ բանակի վերակազմավորման, բարեփոխումների և այլ ուղղություններով։ Եվ երկրորդ՝ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննություն կիրականացվի, կպարզվեն պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները՝ ինչու է տեղի ունեցել դեպքը, ում մեղավորությամբ, և մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում և իրավական դաշտում։ Ես հասկանում եմ նաև հուզական այս վիճակը, սպասելի էր, որ նման հայտարարություններ և պահանջներ կլինեն, բայց մենք պետք է ողջախոհության շրջանակներում մնանք, հարցը վերաբերում է հայոց բանակին։ Եվ կրկնում եմ՝ Պապիկյանի հրաժարականի պահանջը գնահատում եմ ոչ հիմնավոր։

— Հայտնի է, որ միջադեպից հետո ՊՆ մի շարք պաշտոնյաներ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։ Այսպիսի օպերատիվ պաշտոնանկությունը արդյոք ենթադրո՞ւմ է, որ արդեն իսկ ապացուցված է նրանց մեղավորությունը տեղի ունեցածում, թե՞, ինչպես որոշ հանրային դեմքեր են նշում, այսպիսով «քավության նոխազներ» են կարգվել՝ պատասխանատվությունից ազատելով ավելի բարձր օղակների։ Այս համատեքստում մի հարցադրում էլ՝ պաշտոններից ազատվածները արդյոք նախկինում թերացե՞լ են իրենց պարտականությունները կատարելիս, կարգապահական տույժերի ենթարկվե՞լ են։

— Յուրաքանչյուր զինծառայողի, սպայի անձնական գործում ինչ խրախուսանքներ և ինչ կարգապահական բնույթի տույժեր կան՝ չեմ կարող ասել։ Ինձ թվում է, որ նրանց պաշտոնից ազատման հիմքը և պատճառը հանդիսացել է հենց այս դեպքը, քանի որ ինչպես պաշտպանության նախարարը մեկնաբանեց՝ նրանք որևէ կերպ կապ են ունեցել դեպքին. գուցե այդտեղ վերահսկողական խնդիրներ են եղել, թույլ վերահսկողություն է եղել, հրամանների՝ ճիշտ ժամանակին և ճշգրիտ կատարման հետ կապված խնդիրներ են եղել։ Այս ամենը համակողմանի քննության ժամանակ պարզ կդառնա։ Կարգապահական բնույթի միջոցառում է պաշտոնից ազատելը և ոչ թե քրեական։ Քրեական վարույթի ընթացքում անդրադարձ է կատարվելու նրանց կատարած և չկատարած գործողություններին և դրանց գնահատական է տրվելու արդեն իսկ քրեական վարույթի շրջանակներում։