Պաշտոնից հեռանալուց հետո պարզվում է, որ իրենք...

Ինձ մոտ միշտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ տարբեր անձինք, ինչ-որ ժամանակ պաշտոնի լինելուց հետո, տարբեր պատճառներով այդ պաշտոնից զրկվում են, հետո ստացվում է, որ իրենք արդարության  առաջամարտիկներն էին, միշտ պայքարում էին արդարության համար, իսկ բոլոր մնացածը վատն էին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե ԱՆԻՖ-ում չարաշահումներ թույլ են տվել նաեւ խորհրդի անդամները:

«Չեմ ուզում նույնիսկ մտնել այդ բանավեճի մեջ: Ես եղել եմ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը եւ վարձատրություն չեմ ստացել դրա համար: ԱՆԻՖ-ը 2018-ին այն միակ կազմակերպությունն էր, որ «ՄԱՍԴԱՐ» ընկերությանն էր բերել, եւ առաջինը ՀՀ-ն էր նախաձեռներ 200 մեգավատտ արեւային կայանների կառուցման աշխատանքները: Դրանից հետո մեր հարեւան երկրները ընդորինակելով դա իրականացրեցին նույն ընկերության հետ նմանատիպ ծրագրեր:

Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, թե ով էր ճիշտ, ով էր սխալ, ով ինչ ասաց, չարաշահում եղավ, թե չեղավ:

Նման ծրագրերի արժեքը չգնահատելը, մտնել շատ կենցաղային դաշտ ու նմանատիպ քննարկումներ ծավալել, առանց հասկանալու այդ ծրագրերի հեռանկարները… Յուրաքանչյուր նման ծրագիր իր հետեւից տասնյակ նմանատիպ ծրագրեր է բերում: ԱՆԻՖ-ի խնդիրը հենց դա է եղել, որը նրանք ճիշտ են կատարել»,-ասաց Ավինյանը:

Նա հայտարարեց, որ սուտ են պնդումները, թե իրենից ինչ-որ հաշվետվություն են պահանջել, ինքն էլ չի տվել եւ միայն իմ գնալուց հետո է տրվել: