
Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը ցույց տվեց ոչ միայն պետական համակարգի խայտառակ անկարողությունը, այլև իշխանության քարոզչամեքենայի մերկացնող էությունը։ Սեպտեմբերի 23-ի այս աղմկահարույց դեպքից հետո իշխանական մեդիաները չշտապեցին պարզել ճշմարտությունը, այլ անմիջապես սկսեցին «դասակարգել» սպանությունը՝ որպես անձնական վրեժխնդրության արդյունք։
Հենց Նարեկ Օհանյանի անունը հայտնվեց, իշխանական խոսափողները սկսեցին նրան հերոսացնել՝ ներկայացնելով որպես վրիժառու։ Ըստ այդ նարատիվի՝ Վոլոդյա Գրիգորյանը կապ է ունեցել Նարեկ Օհանյանի եղբոր սպանության հետ, մնացել է անպատիժ ու ազատության մեջ, ուստի նա որոշել է ինքնադատաստան տեսնել։ Սա ոչ թե տեղեկատվություն էր, այլ հստակ սցենար, որտեղ իշխանությունն արդեն պատրաստել էր զոհաբերության և՛ «մեղավորին», և՛ «արդարացումը»։ Սակայն սցենարը փլուզվեց, երբ պարզվեց, որ մարդասպանը Օհանյանը չէ, այլ մեկ այլ երիտասարդ՝ նրա եղբոր ընկերը։ Բայց նույնիսկ այստեղ քարոզչամեքենան չհրաժարվեց «վրեժի արդարացման» գծից։
Հարցը պարզ է․ եթե իսկապես վրեժխնդրության շղթա է գործել, ապա այդ շղթան ծնվել է հենց իշխանության անգործությունից։ Եթե փետրվարի սպանությունը մնաց անպատիժ, եթե մեղավորները չհայտնաբերվեցին կամ չպատժվեցին, ապա ո՞վ է դրա մեղավորը, եթե ոչ գործող իշխանությունը։ Սրա մասին քարոզչամեքենան լռում է։
Այսօր իշխանական քարոզչությունը ոչ թե վերլուծում է պետական ձախողումը, այլ փաստացի լեգիտիմացնում է «մարդասպանությունը որպես արդարություն» թեզը։ Սա ոչ միայն քաղաքականապես անբարոյական է, այլև վտանգավոր։ Քաղաքացիներին մատուցվում է ուղերձ, թե դատարան ու արդարադատություն սպասել պետք չէ․ պետք է վրեժ լուծել։ Իսկ երբ դա տարածում է հենց իշխանությունը, դա դառնում է պետականորեն ուղղորդված անարխիա։
Ի վերջո, այս աղմուկը ցույց է տալիս մեկ բան․ իշխանությունը առերևույթ փորձում է հանրային ուշադրությունը տեղափոխել սպանության իրական քաղաքական հետևանքներից և թուլացնել բուն պատասխանատվության հարցադրումը։ Եթե ամեն ինչ այսքան անտրամաբանական է, ուրեմն լռելյայն ընդունում ենք՝ նրանք ինչ-որ բան թաքցնում են։ Հնարավոր է՝ իրական շահառուներին, հնարավոր է՝ համակարգի ներսում եղած ավելի խորը ճեղքերը։
Փարաքարի սպանությունը դարձավ հայելու պես պարզ ցուցիչ․ պետություն չկա, արդարադատություն չկա, համակարգ չկա։ Կա միայն իշխանական քարոզչամեքենա, որը նույնիսկ մարդկային կյանքերի հաշվին փորձում է սեփական ձախողումները ներկել կեղծ սցենարներով։ Իսկ երբ իշխանությունը իր քաղաքացիներին սովորեցնում է, որ սպանությունը կարելի է արդարացնել, այդ ժամանակ պետությունը դառնում է ոչ թե անվտանգության երաշխավոր, այլ՝ վտանգի գլխավոր աղբյուր։