Նախօրեին տեղի ունեցավ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող կարի գործարանի բացման արարողությունը։ Ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործարանն ունենալու է, ըստ պաշտոնական հայտարարությունների, հազար աշխատակից, ապագայում էլ աշխատողների թիվն ավելանալու է։
Մեկ գիշերում օլիգարխից սեփականատիրոջ փոխված․ իշխանությունների համար սիրելի դարձած Սամվել Ալեքսանյանը կարծես թե վատ չի տեղավորվել նոր «տանիքի» տակ։ Գուցե եւ ավեի լավ։ Չէ որ ասենք Ռիտա Սարգսյանը Սամվել Ալեքսանյանին պատկանող հագուստի բրենդը չէր գովազդում, իսկ Աննա Հակոբյանը գովազդում է։
Գոհ ու երջանիկ հայացքով էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, հատկապես երբ Սամվել Ալեքսանյանը, գրեթե այն դիրքով, ինչպես Ալի Ասադովն էր խոնարհվել Իլհամ Ալիեւի դիմաց, ինչ որ բան էր ասում նրան։ Հասկանալի է, մտքում Փաշինյանն իրեն հաղթող է զգում։ Սակայն։ Տարիներ շարունակ նա հայտարարել է, որ Սամվել Ալեքսանյանն ու մյուսները օլիգարխներ են, հայտարարել է, որ նրանք իրենց ունեցվածքը կուտակել են թալանի հաշվին։
Փաշինյանի ընդդիմադիր ժամանակների հայտարարությունները մի տրամաբանություն ունեին կապված հարստանալու ու հարուստ լինելու հետ․ եթե հարուստ ես, ուրեմն թալանչի ես։ Արդյունքում ժողովուրդն ատեց հարուստներին ու հարստությունը։ Այդ ատելության ալիքը գեներացվեց ու բերեց իշխանափոխության, քանի որ հարուստներն ու հարստությունը որպես մեկ ընդհանուր քաղաքական ու քրեա-օլիգարխիկ միասնական համակարգ, ասոցացվում էին Սերժ Սարգսյանի հետ։
Հեղափոխությունն արած ժողովրդին թվաց, թե այդ հարստությունները, որոնք կուտակվել էին ժամանակին նախկինների օրոք, բաժանվելու է իրենց։ Սակայն այդպես չեղավ։ Մոռացավ ժողովուրդը, որ բոլոր ժամանակներում ամենապաշտպանվածները հենց հարուստներն են։ Փաշինյանն էլ սկսեց «քիրվայություն» անել հարուստների հետ։ Դե բա ոնց չէր անի, չէ որ ժամանակին Սամվել Ալեքսանյանը ասել էր, որ Նիկոլը պատկերավոր ասած, ինչքան էլ իրեն «ճղի», միեւնույնն է իրենց ախպերն է, բա էլ ինչ ախպեր, որ ախպերություն չանի։ Իսկ ժողովուրդը կրկին շարունակեց ձեռնունայն մնացած ատել հարուստներին ու հարստությունը։



