Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի Դաշնության հետ խաղալ։
Փաշինյանն այս տարի առաջին անգամ շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին․ «Սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների»,-ասել էր Փաշինյանն իր ուղերձում։
Սա, ինչպես նկատեցինք, Փաշինյանի գոնե հրապարակային առաջին շնորհավորանքն էր Ուկրաինայի նախագահին։ Եվ սա այն պարագայում, երբ նույն Զելենսկին ոչ մի անգամ չի շնորհավորել Հայաստանի փաստացի ղեկավարին։ Ավելին՝ Փաշինյանի շնորհավորական ուղերձից հետո Զելենսկին ջերմագին շնորհավորանք է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին։
Ակնհայտ է, որ Փաշինյանը հիշել է Ուկրաինայի նախագահին, որպեսզի ռուսական կողմին ինչ-որ բան հասկացնի։ Նա ուղերձ է հղում նաև Արևմուտքին՝ հասկացնելով, որ պատրաստ է շարունակել ավելի ինտենսիվ թքել ռուսների ուղղությամբ, եթե նրանք իրեն տեր կանգնեն ու Պուտինի փոխարեն իրենք հովանոց պահեն իր գլխին։
Սա չտենսված նվաստացում է դաշնակից երկրի կողմից՝ ուղղված Ռուսաստանին։ Սա տեսնում է նաև աշխարհը ու հասկանում է, որ Ռուսաստանն այնքան է թուլացել, որ անգամ Ալիևին պարտված ու Ալիևի կողմից ստորացված Փաշինյանն է ստորացնում նրանց։