Օրերս հայտնի դարձավ, որ «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանի որոշմամբ։ Գրավի գումարը կազմում է 15 միլիոն դրամ։ Չարչյանի պաշտպանները միջնորդել էին, որպեսզի նա ազատ արձակվի 10 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հերթական անգամ մենք, կարելի է ասել, ականատես եղանք «բռնել բաց թողնել» օպերացիայի։ Իհարկե, շատ լավ է, որ աշխարհում անուն ունեցող պրոֆեսորը ազատության մեջ է, սակայն հարցին փորձենք նայել քաղաքական տեսակետից։ Ըստ էության կարող ենք արձանագրել հետեւյալը․
• Շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման գործընթացը ամբողջ թափով
• Այդ համատեքստում, ավելի շրջադարձային իրադարձություններից առաջ, շարունակվում է համապատասխան դաշտի ստեղծումը․ այդ դաշտը շատ պարզ կանոններով է ստեղծվում․ ապահովել հանգիստ միջավայր, որպեսզի նշված հայտարարությունների կատարման ամբողջականացումը լինի հնարավորինս կամ նույնիսկ՝ առավելագույնս անցնցում ու հարթ
• Արդեն սրա համատեքստում, Նիկոլ Փաշինյանը իր «տնային հանձնարարությունը» կատարելու ընթացքում ըստ իր պատկերացրածի իրականացնում է «բռնոցի թողնելոցի», «աչք վախեցնելու» եւ այլ օպերացիաներ՝ փորձելով այսպես ասած էլիտաների, էլիտային խմբերի ու համայնքների կամ շերտերի հետ հասարակության գալ ընդհանուր հայտարարի, կամ պայմանավորվածության
• Պրոֆեսոր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակումը կարող է նշանակել, որ առնվազն երկու ներհայաստանյան ուժային կենտրոնի կամ էլիտային խմբերի հետ ինչ որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ենթադրաբար նաեւ՝ ռուսների «քավորությամբ», կապված այն բանի հետ, որ կարիք չկա ավելորդ լարվածություն ստեղծելու եւ պայքարելու այն ամենի դեմ, ինչն անխուսափելի է ու անշրջելի։
• Ամփոփելով, կարելի է ֆիքսել, որ հերթական «տնային հանձնարարությունը» Փաշինյանը կատարեց, ու կարող է անցնել հաջորդ հանգրվանին։



