Փաշինյանը կառավարության նիստում ստել է․ նպատա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխանությունների ամենատարբեր անտրամաբանական և վտանգավոր որոշումները արդարացնելու համար հրապարակային ստել։ Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կորոնավիրուսը կարող է տարածվել օդի միջոցով․ «Երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ հաստատված է համարում՝ օդի միջոցով վարակը կարող է տարածվել, սա այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք ու այս առումով կարևորվում է դիմակների կրումը, այդ թվում, բաց տարածքներում»։

Կարճ ժամանակ պահանջվեց պարզելու համար, որ ԱՀԿ-ն իրականում նման հայտարարություն չի արել։  ԱՀԿ-ում այս պահին կա միայն կասկած, որ օդի միջոցով կարող է փոխանցվել հիվանդությունը և այն էլ որոշ պայմանների դեպքորւմ․«Չի կարելի բացառել COVID-19 -ի օդային ճանապարհով փոխանցման հնարավորությունը հատկապես շատ կոնկրետ պայմաններում՝ մարդաշատ, փակ, վատ օդափոխվող տարածքներում։ Սակայն ապացույցներն անհրաժեշտ է հավաքել և ուսումնասիրել, և մենք շարունակում ենք այդ գործը», - հայտարարել է ԱՀԿ-ի տեխնիկական հարցերով փորձագետ Բենեդեթա Ալեգրանցին և ավելացրել, որ առաջիկայում սպասվում են նոր գիտական ուսումնասիրություններ, որոնք կարող են այս հարցի պատասխանը տալ։

Ի դեպ պետք է նկատել, որ եթե հաստատվի օդի միջոցով փոխանցվելու վարկածը, ապա ՀՀ կառավարության պարտադրած դիմակները ոչ մի դեպքում չեն պաշտպանի մարդկանց։ ԱՀԿ-ն պաշտոնապես հստատել է, որ օդով փոխանցման վարկածի հաստատման դեպքում միայն N95 դիմակները կարող են ապահովել պաշտպանություն։

Այսպիսով կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ստել է, որի նպատակն է եղել նպաստել արտադրված դիմակների վաճառքին։ Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արտադրված դիմակների ավելցուկ կա, քանի որ մարդիկ չեն գնում դիմակներ։ 

Ստացվում է, որ վարչապետը կեղծ տեղեկություններ  է տարածում, որպեսզի նպաստի որոշ մարդկանց բիզնեսի ծաղկմանը։ Հիշեցնենք նաև, որ դիմակ արտադրող ընկերություններից մեկի հետ կապվում է Փաշինյան ընտանիքի անունը։ Մամուլում շաբաթներ առաջ սրա մասին եղան հրապարակումներ։

Հետաքրիր է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ դիմակների առաջարկը գերազանցում է պահանջարկին դրանց գինը շարունակում է բարձր մնալ։ Եվ սա այն դեպքում, երբ մինչ համավարակը նշված դիմակների արժեքը տատանվում էր 30-50 դրամի սահմաններում, իսկ համավարակի օրերին այն դարձավ 130-150 դրամ։ Թանկացումը արտադրողները և ներկրողները բացատրում էին նրանով, որ պահանջարկը մեծացել է։