«Ես ցանկանում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել «ուտել խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է», հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ, «բա էսքանը պատրաստել ենք, որ փչանա՞»: Ամանորին մարդկանց, քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, պետք է դա հաշվի առնել»: Այդ մասին կառավարության նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը կառավարության հերթական նիստը վերածում է «բուդ-բլինչիկ» օպերացիայի՝կառավարության, որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի դիսկուրսի մակարդակը հասցնելով Սմակ հաղորդման մակարդակի:
Գործադիրի ղեկավարը մի կողմ դնելով ՀՀ-ի առջև ծառացած սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ՝խորհուրդներ է տալիս տանտնտեսուհիներին:
Կառավարության ղեկավարը կրկին անգամ կեղծ օրակարգ է ստեղծում, որպեսզի հանրությունը սկսի քննարկել՝խոհանոցներում, փողոցներում, սոցցանցերում բլինչիկների ու բդերի բաղադրատոմսերն ու քիչ սնվելու օգտակարությունը՝դրանով կառավարության նիստն ու այդտեղ քննարկվող հարցերի մակարդակը հասցնելով դիետոլոգի խորհրդատվության:
Ցանկացած երկրի վարչապետի մեսիջները պետք է լինեն խորը քաղաքագիտական, տնտեսական, ազգային և հոգևոր՝վեր ստամոքսային թեմաներից:
Նմանատիպ կոչերը՝հրաժարվել մսամթերքից, հարվածում են գյուղատնտեսության մի ամբողջ ճյուղի՝անասնապահությանը, որտեղ զբաղված են հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր այդպես էլ չեն կարողացել հաղթահարել աղքատությունն ուղեղներում, ինչի մասին կոչ էր արել նույն Փաշինյանը, այլ ցանկանում են իրենց քրտինքով դրամ վաստակել և վաճառելով միսը՝գումար վաստակել իրենց երեխաների համար: Գյուղատնտեսությունը ՀՀ-ի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում:
Մասնավորապես, տավարաբուծությունը հանդիսանում է Հայաստանի անասնաբուծության ոլորտի առաջատար ճյուղը: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 %-ը և մսի գրեթե 58 %-ը ստացվում է տավարաբուծությունից: Դրան զուգահեռ, խոզաբուծությունը հանդիսանում է երկրի անասնաբուծության ոլորտի կարևոր ճյուղերից մեկը: Հանրապետությունում տարեկան արտադրվում է 17-18 հազար տոննա խոզի միս:
Իհարկե կարևոր է, որպեսզի բնակչությունը հետևի իր առողջությանը, սակայն ՀՀ-ի բնակչության գերակշիռ մասը բուսակեր չէ և սեղաններին ավանդաբար դրվում է մսամթերք: Ցանկացած քաղաքացի ինքն է որոշում իր սեղանի ճոխությունն՝ելնելով սեփական եկամուտներից, սովորություններից և այլն:
Փաշինյանը բուդ-բլինչիկ թեման օրակարգ բերելով փորձում է նաև հանրության ուշադրությունը շեղել գնաճից, որը նկատվում է խանութներում և շուկաներում: Թրոլինգի էլեմենտներ օգտագործելով՝ գնաճի և սոցիալական ծանր վիճակի ու խորացող տնտեսական խնդիրների քննարկման փոխարեն հանրությանն առաջարկվում է քիչ սնվել՝հրաժարվել ճոխ սեղաններից:
ՀՀ-ում մեկ միլիոնից ավել աղքատ բնակչություն կա և դժվար է պատկերացնել հանրության այդ հատվածի մոտ ճոխ սեղանների և առատ մսամթերքի առկայություն:
Միգուցե կառավարության ղեկավարը կոչ աներ սեփական նախարարներին հրաժարվել բարձր աշխատավարձերից, ճոխ պարգևատրումներից և այդ գումարների մի զգալի հատվածն ուղղեր աղքատության ճիրաններում ապրող այն մարդկանց՝հատկապես մարզերում, որոնք՝ չնայած Փաշինյանի ֆեյսբուքյան լայվերին, այդպես էլ չեն կարողացել հաղթահարել աղքատությունն ուղեղներում և ապրում են ոչ թե Փաշինյանի հայտարարած և իշխանամետ ԶԼՄ-ներով ստեղծված կեղծ իրականության մեջ, այլ ապրում են իրական Հայաստանում:
Կառավարության նիստերում պետք է առաջ քաշվեն և քննարկվեն պետության ու հանրության համար առանցքային խնդիրներ և նիստերը չվերածվեն «Ի՞նչ եփել այսօր» հաղորդման:



