Արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ վերջինիս արդյունքների հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը ցույց տվեց, որ մեծ հաշվով Մոսկվայի համար Նիկոլ Փաշինյանը ընդունելի գործիչ է։ Գոնե այս փուլում։ Եւ որվ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եւ 21 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման կոմպլեքսը պետք է արվի հետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սա կարելի է հասկանալ եւ Դումայի ազդեցիկ պատգամավորներից Լեոնիդ Կալաշնիկովի արտահայտած մտքերից, եւ թե Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահվածքից եւ հայտարարություններից։ Խնդիրը այստեղ այն չէ, թե կոնկրետ Պուտինը վստահում է անձնապես Փաշինյանին կամ ոչ։ Խնդիրը ոչ էլ այն է, թե Փաշինյանի համար անձնապես որքանով է հաճելի շարունակել աշխատելը Ռուսաստանի եւ նրա ղեկավարի հետ։ Խնդիրը ավելի խորքային է։ Մոսկվայի համար անձնական մոտեցումներից առավել կարեւորվում են երկրի շահերը։ Փաշինյանի պարագայում էլ գործում է անխուսափելիության օրենքը։ Այս ընդհանուր ֆոնի վրա, բավական հետաքրքիր է լինելու Հայաստանի ներքին կյանքի վիճակը։ Ռուսաստանն իր հերթին փորձելու է ամեն կերպ ամրացնել իր դիրքերը Հայաստանի ներսում՝ նորանոր ոլորտներ յուրացնելով։ Փաշինյանը, հասկանալով ռուսների հետ տեսանելի երկար ապագայում աշխատելու անայլընտրանքությունը, մի կողմից շարունակելու է սպասարկել ռուսների շահերը, մյուս կողմից փորձելու է իր համար նոր հենարաններ ստեղծել։ Իր եռամյա վարչապետության արդեն կուտակած փորձառությունը հուշում է Փաշինյանին, որ նախ ժողովրդի լայն մասսաների աջակցությունը հավերժ չի կարող գոյություն ունենալ, ինչի ապացույցը վերջին արտահերթ ընտրությունների արդյունքներն են, եւ ապա՝ որեւէ իշխանության համար անհրաժեշտ է ունենալ հենարաններ բոլոր ոլորտներում։ Նախընտրական շրջանում Փաշինյանը հետաքրքիր հայտարարություն արեց, կապված էլիտաների դեմ պայքարի մասին։ Մեծ հաշվով նա հիմա ստեղծում է իր համար հենարան նոր էլիտաներ։ Առայժմ սկսել է տնտեսական եղած էլիտայի վերաձեւումից։ Կարող ենք անվանել այն կապիտալի վերաբաշխում նաեւ, չնայած գործն այդտեղ չի հասնի։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել իր սեփական տնտեսական էլիտան, եւ նաեւ՝ դրանց ներդնելով եղած դաշտում ու նեղացնելով եղած էլիտայի կենսատարածքը՝ այսպես ասած՝ «հին էլիտայի» հետ պայմանավորվել, գալ ընդհանուր հայտարարի, քանի որ նաեւ հասկանում է, որ հին էլիտան իր հերթին կապված է արդեն հետխորհրդային տարածքի ավելի խոշոր էլիտաների հետ, որոնք իրենց հերթին նույնիսկ հետսովետական տարածքի քաղաքական լանդշաֆտում են եղանակ ստեղծում։ Եթե ավելի հեռուն գնանք՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինտեգրվել հետխորհրդային տարածքի այսպես ասած «մեծ էլիտաներին»։



