Հայաստանի իշխանությունները վերջին օրերին խիստ ակտիվացրել են հակառուսական հռետորաբանությունը։ Նախորդ շաբաթ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Հանրային հեռոստըանկերության եթերում, իսկ վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը իտալական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հստակ թիրախավորեցին Ռուսաստանի Դաշնությանը։ Հայաստանի իշխանություններն, ըստ էության, նոր սպասվելիք արհավիրքի համար մեղավոր են նշանակում Ռուսաստանի Դաշնությանը։
Իշխանությունները հրապարակային հակառուսական սադրանքի գնալով լավ էին հասկանում, որ չի կարող պատասխան չլինել ռուսական կողմից։ Պատասխանը չուշացավ։ Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ կոշտ գնահատեց Հայաստանի իշխանությունների հայտարարությունները։ Ալեն Սիմոնյանի վարքագիծը անվանվեց «բռիություն», իսկ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տրվեց «մեղավորներ փնտրելու փոխարեն պատասխան տալ սեփական քայլերի համար»։
Խոսեց նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա մասնավորապես արձագանքելով Փաշինյանին ասել է․ «Համաձայն չենք այդ թեզերի հետ, որ Ռուսաստանը կարող է հեռանալ տարածաշրջանից։ Ռուսաստանը շարունակում է հետևողական դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում: Ռուսաստանը այդ տարածաշրջանի անբաժանելի, բաղկացուցիչ մասն է, ուստի նա ոչ մի տեղ չի կարող հեռանալ և Հայաստանից Ռուսաստանը չի կարող հեռանալ։
Եվ եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում, ի վերջո, ավելի շատ հայեր են ապրում, քան, ըստ էության, Հայաստանում, որոնց մեծ մասը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության, բացարձակ օրինակելի և հայրենասեր քաղաքացիներ են»,- հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ավելի հեռուն գնաց և Նիկոլ Փաշինյանին անվանեց դավաճան․ «Դավաճաններ. նրանք երբ դավաճանում են, տրամաբանակա՞ն են իրենց պահվածքում, թե՞ ոչ։ Հենց դավաճանների տեսանկյունից՝ նրանք գործում են տրամաբանորեն։ Հարցն այն է՝ արդյո՞ք հայ ժողովրդի և Հայաստանի շահերը համընկնում են Նիկոլ Փաշինյանի շահերի հետ»,-ասել էր Զատուլինը։
Այս հայտարարություններից հետո Հայաստանի իշխանություններն առավել սրեցին իրավիճակը։ Նախ հայտարարվեց, որ Հռոմի ստատուտը ուղարկվել է խորհրդարան վավերացման։ Հիշեցնենք, որ Արևմուտքի ձեռքին գործիք դարձած Հռոմի ստատուտից բխող պարտավարությունների համաձայն Հայաստանը պետք է ձերբակալի ՌԴ նախագահ Պուտինին, եթե նա ժամանի Հայաստան։
Ավելի ուշ նախագահականից հաղորդագրություն տարածվեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչին պաշտոնից հետ են կանչում։
Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանը գրեց, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գնալու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև և հումանիտար օգնություն է տանելու ուկրաինացիներին։ Սա Հայաստանից Ուկրաինա ուղարկվող առաջին հումանիտար օգնությունն էր պատերազմի սկսվելուց առ այսօր։
Հայաստանի իշխանություններն, ըստ էության, հայ-ռուսական հարաբերությունի տակ դրված ռումբը գործի են դնում, որը կարող է ամեն պահի պայթել։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այս սադրանքներին գնում է Արևմուտքի իր տերերին բավարարելու համար։ Սա իր փրկագինն է։