Փաշինյանը չունի քաղաքական կամք․ ինչից է վախեն...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր եղած շրջանից, մշտապես քննադատել է նախկին իշխանություններին քաղաքական կամք չունենալու, որոշումներ կայացնել չկարողանալու, կիսատ-պռատ որոշումներով այսրոպեական խնդիրներ լուծելու կամ դրվագային գործունեություն ծավալելու ու կայուն ռազմավարություն չունենալու մեջ։ Որքան էլ տարօրինակ է, սակայն այսօր նույն խնդրի առաջ կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը։

Օրեր առաջ հրապարակվեց «Barclays» բանկային խմբի պատրաստած մի փաստաթուղթը, որտեղ բառացի կերպով Հայաստանի վարչապետը մեղադրվեց քաղաքկան բավարար կամք չունենալու մեջ, որպեսզի լուծի Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շահագործման հարցը։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բրիտանական այս բանկային հսկայի կողմից նման կարծիք ունենալը հավասարազոր է Հայաստանի գործարար համբավի վրա սեւ բիծ դրվելուն։ Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ասել է, որ իր կառավարությունը ունի բավարար քաղաքական կամք նույնիսկ համարձակ, ու ոչ ամբոխահաճո որոշումներ կայացնելու։ Բոլորին էլ հասկանալի է, որ Փաշինյանը լուրջ երկընտրանքների առաջ է կանգնած ու չի կարողանում հասկանալ, թե որ քայլն է ճիշտը, որ պիտի կատարի։

Ժպտերես «լայվերից» ու համարձակ բառապաշարով ելույթներից այն կողմ, իրական կյանքում արդեն, նա հասկանում է, որ ահռելի մեծ պատասխանատվության առաջ է կանգնած եւ ցանկացած որոշում, որ կայացնի, ստանձնելու է նաեւ դրա ողջ պատասխանատվությունը։ Իսկ ինչ-ինչ, սակայն դրանից նա միշտ է խուսափել ու խուսափում է նաեւ հիմա, որովհետեւ հասկանում է, որ հետո սերունդների եւ պատմության դատաստանի առաջ է կանգնելու։

Ու հիմա, երբ ավելի ու ավելի տեսանելի է դառնում այն, որ Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացներում որոշակի տեղաշարժեր կան, հարց է առաջանում, իսկ ինչպես է նա ստանձնելու հարցի կարգավորման իր բաժին պատասխանատվությունը, կամ առհասարակ ստանձնելու է այն թե ոչ։ Սա շատ լուրջ խնդիր է, քանի որ խուսափումը, պատասխանատվությունն այլոց վրա բարդումը կամ դրա փորձը չափազանց ծանր գին է ունենում։