Փաշինյանը՝ Արարատ Միրզոյանին ծեծելու մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այն անձանցից է, ով արցունքը աչքերին է ընդունել, կամ չի էլ ընդունել այս ամեն ինչը, այս որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելուն:

«Մեր քաղաքական թիմում ընենց մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այս ամեն ինչը, և ինչ-որ ստահակներ հարձակվում են Արարատ Միրզոյանի վրա և իր երեխայի վրա: Ես չեմ ուզում ասել ԱԺ նախագահի վրա, կապ չունի կարգավիճակը, ինչ-որ ստահակ, որը, երևի, վերջին երկու տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել, հարձակվում է այդ մարդու վրա, ու մտածում է մարսելու է՞, բացառված է: Ես բոլոր քաղաքացիներին, ովքեր հասկանում են՝ ինչ է կատարվում, ես իրենց կոչ եմ անում՝ պատրաստվել վրեժին, էս կոռուպցիոներ, օլիգարխ ստահակների հետ մենք ճիշտ չենք վարվել, այս երկիրը թալանածներին, զինվորի, զենքը, հացը գողացածներին, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ ճիշտ չենք վարվել, այո՛, ես ներողություն եմ խնդրում դրա համար: Մեր զինվորների վրեժը մենք նրանցից պետք է հանեն, մեր կորսված հայրենիքի վրեժը մենք նրանցից պետք է հանենք, այդ հանրապետական, այդ ԲՀԿ–կան, թալանչիներին, այդ հայրենիքի դասալիքին, որ դիրքը թողել փախել է, դասալքության համար պետք է դատվի»,-ասաց նա և նշեց, որ իրանց ժամանակը չի գալու, եկելա քաղաքացու վրեժի ժամանակը:

«Այդ հայրենիք ծախողները մտածում են՝ կարան հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն, բացառված է: Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինեն,որ մենք գնալու ենք դրանց հետևից, այսօրվա «դեբոշերների» հետևից, իրանց շեֆերի հետևից, դաշնակցության կոռուպցիոն հատվածի հետևից, այնտեղ մարդիկ կան, որքան էլ համաձայն չլինեմ չեմ կարա ուրանամ ինչ-որ բաներ»,-ասաց նա:

Վարչապետը հայտնեց, որ մտածում է առաջիկայում հանրահավաք կազմակերպելու և ասելիքը փոխանցելու մասին: «Որևէ մեկը այդ հայրենիք ծախողները, ազատագրված տարածքները փողով ծախողները, այդ առիթով իմիջիայլոց քրեական գործ է հարուցված, հանկարծ չմտածեն, որ էս ծխածածկույթի տակ հաջողելու են, բացառված է, ձեր դղյակները վերադարձվելու են ժողովրդին»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ որոշներին, երբ զոռով տանում էին սահման, արագության մեջ առաջնագծերից փախչում էին ձեզ հայտնի ընդդիմադիրի նման: «Փառք Աստծո, ասում են Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, բայց հիմա վիրահատվում է»,- ասաց նա և կոչ արեց զորակցություն հայտնել նրան և նրա ընտանիքին: Վարչապետը նաև նշեց, որ սա բոլորի համար դժվար ժամանակ է, բայց «մենք ունենք այդքան ուժ, որ ուժեղացած դուրս գանք այս ամեն ինչից»: