Փաշինյանները փորձում են ներկայանալ ավանդապահ...

 Երեկ, մի ամբողջ օր գործող վարչապետն ու նրա տիկինը զբաղված էին հասարակությանը ու հատկապես իրենց երկրպագուներին ապացուցելով, որ իրենք ավանդապահ հայ են ու հավատացյալ քրիստոնյաներ։ Նախ Աննա Հակոբյանը սոցցանցային էջերում հրապարակեց լուսանկար, որտեղ ինքը նստած էր Ազգային պատկերասրահում Մարտիրոս Սարյանի կտավներից մեկի տակ, ու լուսանկարն էլ մակագրել էր մի գրությամբ, ըստ որի հայկական ինքնությունը բնորոշվում է մշակույթով ու կրոնով, իսկ արդեն երեկոյան էլ իր ոչ այնքան անհայտ, բայց ոչ այնքան օգտակար «լայվից» հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակեց տեսանյութ ու գրառում այն մասին, որ վարչապետի նոր կեցավայրում օրհնության կարգ է կատարվել՝ տնօրհնեք։

Անկախ այն հանգամանքից, թե վարչապետի ընտանիքում ինչ վերաբերմունք ունեն կրոնի ու մշակույթի կամ ազգային ինքնության չափորոշիչների հանդեպ, ամեն դեպքում, երբ այս ամենը դիտարկում են շաբաթ օրը Երեւանի Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում տեղի ունեցած դեպքերի ու դրան հաջորդած խունկ ծխեցնելու փաստերի հետ ամեն ինչ կարծես թե ամբողջական մի պատկեր է ուրվագծվում։

Եվ ուրեմն, ըստ էության, ինչպես հաճախ սիրում է կրկնել Նիկոլ Փաշինյանը, կարող ենք արձանագրել, որ երեկ ամբողջ օրը Փաշինյանները ապացուցեցին հասարակությանը, որ իրենք հայտնի միջոցառման ու դրա հետ կապված աղմուկի հետ որեւէ առնչություն չունեն, այսինքն թե, փորձեցին իրենց «մաքրել» այդ դեպքերից ու դրանցով պայմանավորված հասարակական պարսավանքի այն ալիքից, որը կա այժմ հատկապես սոցցանցերում։

Զուտ քաղաքական տեխնոլոգիական առումով, Փաշինյանները հասկացան, որ կատարվածը (անկախ ամեն ինչից) կարող է վնասել իրենց՝ առանց այն էլ անկում ապրող վարկանիշին ու որոշեցին, քանի դեռ բոլոր սլաքները իրենց վրա չի ուղղվել, փորձել «ճողոպրել» ու «ջրից չոր դուրս գալու» իրենց «խասյաթի» համաձայն, իրենց զատել այդ ամենից։ Իսկ այն, որ նրանց վարկանիշը իրոք անկում է ապրում, ու այն էլ լրջորեն, կարելի էր հասկանալ «լայվից»․ որքան ավելի հաճախ ու կատաղի է խոսում Նիկոլ Փաշինյանը այսպես ասած «հակաքարոզչության» մասին, այնքան ավելի կարելի է համոզվել, որ քննադատական մամուլը կարողանում է դիմադարձել պոպուլիզմին ու դեմագոգիաներին, որոնք գալիս են իրենից ու նույնիսկ իր ընտանիքի որոշ անդամներից։