Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի՝ թիմում ու...

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն արդեն քանի օր է՝ բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԶՈՒ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Առաջին ակցիան սեպտեմբերի 27-ին էր։

Այդ օրը նրանց խոստացել էին, որ երկուշաբթի կկայանա հանդիպումը, սակայն չկայացավ։

Ամիսներ առաջ էլ նրանք ԱԺ-ի մոտ էին, ԱԺ նախագահից եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահից պահանջում էին քայլեր ձեռնարկել:

Արդյունքում մի քանի փակ լսում կայացավ։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ որոշ ՔՊ-ականներ փորձում են նրանց ողբերգության վրա ձեռքեր տաքացնել: Կասկածում են, որ սա Սուրեն Պապիկյանի դեմ է ուղղված, իսկ հետեւում ՔՊ վարչության նորընտիր անդամ Վիլեն Գաբրիելյանի անունն է հնչում։

Ասում են, թե Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի՝ թիմում ունեցած բարձր ռեյտինգը, որին այսքան «փչացնելուց» հետո էլ շարունակում են ՔՊ-ում սիրել-հարգել, իսկ երկրի պաշտպանության, անվտանգության համար թուքումուրն ինքն է ուտում։