Փաշինյանի պատգամավորները փո՞ղ են ստացել Ադրբե...

Երեկ Ազգային ժողովում պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարություն արեց, որը ցանկացած նորմալ երկրում կարող էր հանգեցնել ծանր հետևանքների այն քաղաքական թիմի համար, որի մասին խոսվում էր այդ հայտարարության մեջ։

«ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը՝ վերջնական բանաձևում ձևակերպել պահանջ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ մշակել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Ավելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել», – հայտարարել է պատգամավորը։

Այս պնդումներից հետո ՔՊ-ականները չկարողացան հերքող հայտարարությամբ հանդես գալ։

Սա նշանակում է, որ ՔՊ-ականները միացել են ադրբեջանական պատվիրակությանը՝ ընդդեմ հայ գերիների, կամ՝ ավելի կոնկրետ՝ ընդդեմ հայկական շահի։ Ինչը կարող էր ստիպել ՔՊ-ականներին գնալ բացահայտ հակահայկական քայլի՝ դավադիր լինե՞լը, թե՞ այստեղ այլ շերտեր էլ կան։

Բոլորին է հայտնի, որ Ադրբեջանը մշտապես միջազգային հարթակներում կաշառել է այս կամ այն երկրի ներկայացուցիչներին՝ ստիպելով նրանց գործել ի նպաստ իր շահերի և հակահայկական գործունեություն ծավալել։ Ադրբեջանի այս գործելաոճը միջազգային հարթակներում ստացել է «Խավիարային դիվանագիտություն» անվանումը։ Այս առնչությամբ Գերմանիայում անգամ դատական գործընթաց է տեղի ունեցել Բունդեսթագի նախկին պատգամավորների նկատմամբ։

Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանի առաջ կանգնել էին Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներ Էդուարդ Լինտները և Աքսել Ֆիշերը։ Նրանք մեղադրվում էին Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու մեջ՝ Եվրախորհրդարանում նրանց շահերի լոբբինգ իրականացնելու համար։

Հաշվի առնելով Ադրբեջանի նման փորձառությունը և ՔՊ-ականների բացահայտ հակահայկական վարքագիծը՝ հարց է առաջանում. կարո՞ղ էր լինել այնպես, որ ՔՊ-ականներին էլ են փող տվել։ Մենք դեռ նման պնդում չենք անում, սակայն կասկածելու լիարժեք իրավունք ունենք։ Իսկ իրականությունը կբացահայտվի, երբ ՔՊ-ն հեռանա իշխանությունից և Հայաստանում վերականգնվի հայկական իշխանությունը։